Հայաստանի շախմատի հավաքականը շարունակում է հաղթանակներ տանել Ստամբուլում անցկացվող Շախմատային օլիմպիադայում: 4-րդ տուրում հայաստանցի գրոսմայստերները նվազագույն 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին Ֆիլիպինների հավաքականին:
Ամենաարագն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով հաղթեց Օլիվեր Դիմաքիլինգին: Ինչպես հետագայում պարզվեց, Սարգսյանը հաղթանակ բերեց մեր թիմին, քանի որ մյուս երեք շախմատիստները՝ Արոնյանը, Մովսիսյանը և Հակոբյանը ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները:
Հայաստանի հավաքականն այժմ այն 4 թիմերի շարքում է, որոնք 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Մյուս երեքն են Ուկրաինան (այսօր հաղթեց Լեհաստանին` 3:1), Հունգարիան (հաղթեց Սլովակիային` 3:1) և Ռուսաստանը (պարտության մատնեց Չինաստանին` 3:1): Իսկ ահա մյուս ֆավորիտները սայթաքեցին: Ադրբեջանը ոչ-ոքի 2:2 խաղաց Գերմանիայի, իսկ ԱՄՆ-ն՝ Հնդկաստանի հետ:
Հայաստանի կանանց հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց Ադրբեջանին: Մեր ընտրանու կազմում հաղթանակ տարավ երկրորդ տախտակին հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը, 4-րդ տախտակը՝ Մարիա Կուրսովան, ոչ-ոքի խաղաց, իսկ ահա Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը սևերով պարտություններ կրեցին: