Home / Հայաստան / Աղմկահարույց հարձակումից հետո Ախթալայի քաղաքապետի եղբայրը ձերբակալվել է. ոստիկանությունը հայտնում է մանրամասները

Աղմկահարույց հարձակումից հետո Ախթալայի քաղաքապետի եղբայրը ձերբակալվել է. ոստիկանությունը հայտնում է մանրամասները

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը, ով մասնակցել է օգոստոսի 30-ին տեղի ունեցած ծեծկռտուքին, երեկ ձերբակալվել է: Ծեծկռտուքի մեկ այլ մասնակից՝ Էդգար Հախվերդյանը, կալանավորվել է: Այս մասին այսօր հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան  փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել  մուտքի դուռը`  ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև  վնասել են նշված շենքի  բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր  «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով  պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի  քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ  պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ  գնացել էին Արսեն Չիչյանի  բնակարան, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին:

Օգոստոսի 31-ին որոշումներ էին կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին  գործում  որպես  մեղադրյալ  ներգրավելու  մասին, նրանց նկատմամբ  հայտարարվել էր հետախուզում և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու  մասին:

Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից  հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝  3 փամփուշտ:

Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ այս ամենի պատճառ են հանդիսացել Խաչիկյանների կողմի սպառնալիքները Չիթչյանի հասցեին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ՏԻՄ ընտրություններին Չիթչյանի ակտիվության դեպքում` Խաչիկյանները սպառնացել են հրապարակել ինչ-որ տեսագրություն, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն բանի համար, ինչի համար ազատազրկման է դատապարտվել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: