Home / Հայաստան / Զոհված զինվորի գործով վկան դատարանում հայտնել է, որ իրեն խոշտանգելով են ստիպել ցուցմունք տալ

Զոհված զինվորի գործով վկան դատարանում հայտնել է, որ իրեն խոշտանգելով են ստիպել ցուցմունք տալ

Օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած ԼՂՀ-ում մահացած զինծառայող Թորգոմ Սարուխանյանի գործով դատական նիստի ժամանակ գործով կարևոր վկա Սևակ Ավանեսյանը պատմել է, որ իրեն ծեծել են, խոշտանգել, նվաստացրել են ու ստիպելով են ցուցմունքներ գրել տվել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Թորգոմ Սարուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյանա սոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքից 15-17 օր առաջ զորամասի 3 զինծառայողներ՝ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ԼՂՀ բնակիչ, ժամկետային զինծառայողներ Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը, ծեծել, հայհոյել և նվաստացրել են Թորգոմ Սարուխանյանին, և նախաքննական մարմինը գտել էր, որ այդ 3 անձանց գործողությունների հետևանքով Սարուխանյանը ինքնասպանություն էր գործել: Դատարանում, սակայն, Սևակ Ավանեսյանը պատմել է, որ դեպքից հետո իրեն և 23 այլ զինծառայողների տեղափոխել են Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին և 7 օր շարունակ պահել կալանքի տակ: Այդ ընթացքում Սևակ Ավանեսյանին ծեծել են, խոշտանգել, նվաստացրել, թվով 8-10 ոստիկանության կամ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ չներկայանալով վկային, չհայտնելով իրենց ով լինելը, ծեծել և ստիպել են վկային գրել ցուցմունքներ: Վկայի հիշելով՝ գրվել է 4-5 ցուցմունք, մինչդեռ քրեական գործում այսօր առկա է դրանցից ընդամենը մեկը: Ըստ վկայի պատմածի՝ 7 օր ոստիկանությունում անմարդկային և հակասանիտարական պայմաններում պահվելուց հետո նրա մոտ առաջացել է մաշկային հիվանդություն, ինչի պատճառով վկային տեղափոխել են Ստեփանակերտի ռազմական հոսպիտալ: Վկայի հիշելով՝ մնացած զինծառայողները շարունակում էին այդ պահին մնալ ՌՈ-ում: Վկային դրդել են տալ կեղծ ցուցմունքներ այն հարցի շուրջ, թե իբր ենթասպա  Վիլհելմ Ենգիբարյանը, զինծառայողներ Կարապետյանը և Բադալյանը պարբերաբար ծեծել են Թորգոմ Սարուխանյանին, նվաստացրել, հայհոյել նրան, անվանել գործ տվող և այլն»,- ասել է  Մարտիրոսյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ տուժող կողմը պատրաստվում է միջնորդություն ուղարկել ՀՔԾ, որպեսզի փաստի առթիվ  հարուցվի քրեական գործ և կատարվի քննություն: Ըստ տուժող կողմի՝ կատարվել են մի խումբ հանցագործություններ՝ անձին  ազատությունից զրկելու փաստը, վկային ակնհայտ կեղծ ցուցմունքի դրդելը, վկայի ծեծի ու խոշտանգման ենթարկելը, վկայի գրած ցուցմուքնները ոչնչացնելը, սրանք բոլորը հանցագործություններ են, որոնք դասվում են ծանր հանցագործությունների շարքին:

«Նիստի ժամանակ գործով մեղադրող, Ասկերանի կայազորի դատախազ Հրանտ Պողոսյանը, ով իբր հսկողություն է  իրականացրել  սույն գործի հանդեպ, փորձում էր վկային համոզել, որ իրեն ոչ թե հարցաքննել են, ցուցմունք են վերցրել, այլ իր հետ օպերատիվ աշխատանք են տարել, սակայն վկան հայտարարեց, որ իրենից ցուցմունք են վերցրել: Երբ դատախազը որոշեց հարթել այս հակասությունը՝ հարցնելով թե ինչու վկան  ճիշտը չէր պատմել, Ավանեսյանն ասաց, որ իրեն ծեծել են ու ահաբեկել, վախեցրել և ստիպել ցուցմունք տալ:  Նիստից հետո վկան մոտեցավ տուժողի ներկայացուցիչներին և  խնդրեց օգնություն՝  հայտնելով, որ դատավորը նիստի ավարտից հետո հայտնել է  որ իքնը անպայման պետք է գա հաջորդ նիստերին, որովհետև իրեն պատրաստվում են պատասխանատվության ենթարկել: Հելսինկյան ասոցիացիան պատրաստվում է վկային տրամադրել փաստաբան»,- ասել է  Ռուբեն Մարտիրոսյանը: