«Սերունդ» հայապահպան միավորման ներկայացուցիչ Էդուարդ Սարիբեկյանն այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն ամաչում էր, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օտարերկրյա դեսպաններին դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանն երեկ ասաց, թե Հայաստանին խաբեցին:
«Հանրապետության նախագահը իրավունք չունի խաբվելու: Հանրապետության նախագահը եթե խաբվում է, որտե՞ղ է երաշխիքը, որ ինքը չի խաբվում երկրի տնտեսական քաղաքականության մեջ, որտե՞ղ է այն ապացույցը, որ ինքը չի խաբվում երկրի դեմոգրաֆիական քաղաքակաոնւթյան մեջ: Այսինքն՝ եթե երկրի նախագահը խաբվում է մի հասարակ օղակում, նա ամեն տեղ կարող է խաբվել, այսինքն՝ նա կոմպետենտ չէ: Ավելին՝ մարդիկ, ովքեր նրան տարիներ շարունակ, ամիսներ շարունակ զեկուցում են իրավիճակի մասին, որ՝ շեֆ, ամեն ինչ լավ ա, էդ մարդիկ էլ ուրեմն կոմպետենք չեն, և ես սպասում եմ էդ հրաժարականներին: Հավաքվածները ու այն մարդիկ, ովքեր այսօր այստեղ չեն, իրոք սպասում են այդ հրաժարականին, չի կարելի երկիրը անընդհատ ոտնահարել ինչ-որ մեկի ժամանակային շահերի համար»,- ասել է Էդուարդ Սարիբեկյանը:
Սարիբեկյանը նաև նշել է, որ տեղի ունեցածը երկրի արտաքին քաղաքականության տապալումն է և երկրի արտաքին քաղաքական վարկանիշի անկում, և դրա համար կոնկրետ պատասխաններ պետք է տրվեն իրենց՝ ընտրողներին, որ իրենք տարիներ շարունակ գնում են, ընտրություն են անում, ու այդ ընտրությունից ինչ-որ բան են ակնկալում:
«էսօր մարիկ արդեն գիտակցում են, որ այդ ընտրությունից ակնկալել է պետք ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև այն, որ արտաքին քաղաքական հարաբերություններում երկիրը իր դեմքը կարողանա պահել: Տեսեք՝ հայ-թուրքական հարաբերություններում մենք մեր դեմքը ցեխով տվեցինք, հիմա այս հարցում մենք մեր դեմքը ուղղակի ցեխով տվեցինք»,- հավելել է Էդուարդ Սարիբեկյանը:
Բողոքի ակցիային մասնակցող երգիչ Արթուր Իսպիրյանն էլ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ մեծ հույսեր ունի նաև ՆԱՏՕ-ից, քանի որ ՆԱՏՕ-ի զինավարժությունների ժամանակ է Գուրգեն Մարգարյանի սպանությունը տեղի ունեցել:
«Շատ մեծ կլինի հասարակական ճնշումը, ավելի մեծ կլիներ, բայց այսօր սեպտմեբերի մեկն է, և շատ մարդիկ չեն կարող գալ այստեղ, բայց բոլորի հոգում այնքան վիրավորանք կա, որ, ինձ թվում է, այս հարցը թե Սփյուռքում, թե Հայաստանում շատ պետք է բարձրաձայնվի: Եվ եթե հույսեր ունեին, որ հարյուրամյակ հետո կամ հիսունամյակ հետո Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ինչ-որ տեղ կարող են դառնալ եղբայրական կամ ընկերանան, ապա Ալիևը իր ստորությամբ ևս մի 50 -100 տարի մեր ազգերի միջև մտցրեց այս թշնամությունը»,- ասել է Արթուր Իսպիրյանը: