ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 2-ին Փարիզում հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, իսկ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար իրականացվող ջանքերն ու վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները:
Համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են օգոստոսի 31-ին Ադրբեջանի կառավարության կողմից ընդունված որոշումը, որի արդյունքում ներում էր ստացել և ազատ արձակվել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը:
Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել և նշել են, որ ցավում են մարդասպանին ներում շնորհելու և հանցագործությունը փառաբանելու ցանկացած փորձի համար, քանի որ դա մեծ վնաս է հասցնում կողմերի միջև վստահության կառուցմանը և խաղաղարար գործընթացին:
Համանախագահները ևս մեկ անգամ հիշեցրել են երկու նախարարներին, որ ինչպես հունիսի 19-ին Լոս Կաբոսում հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խաղաղ լուծումից բացի, այլ տարբերակ չունի: Նրանք կշարունակեն բանակցությունները տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և խաղաղ գործընթացին խթանելու համար: