Հունգարիան 2002-2010 թվականներին ունեցել է մի այնպիսի կառավարություն, որը թալանել է ամբողջ Հունգարիան և երկիրը հասցրել ներկայիս ճգնաժամին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հունգարացի հայագետ Ժիգմունդ Բենեդեկը, ում հարցրել են, թե արդյոք Հունգարիայի ներկայիս իշխանությունները լեգիտիմ են, որին նա դրական պատասխան է տվել:
«Հունգարիայում ևս կան սերժականներ և լևոնականներ, չակերտավոր: Հունգարիայում բոլոր սերժականները ընտրել են Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ուրիշ ընտրություն չկար, բոլորը միանգամայն կողմ են, որ այսօրվա կառավարությունը ընտրվի, որովհետև մինչ այդ շատ լուրջ ճգնաժամ էր: Եվ այս կառավարությունը նման որոշում կայացրեց», – համեմատականներ անցկանցնելով՝ պարզաբանել է Բենեդեկը:
Նա ընդգծել է, որ իր համար այդքան էլ կարևոր չէ՝ ինչ հարաբերություն կունենան Հունգարիայի և Հայաստանի կառավարությունները, կարևորն այն է, որ հունգար և հայ ժողովուրդները լավ հարաբերություններ ունենան:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, և Իլհամ Ալիևը ներում էր շնորհել նրան, Հայաստանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: