հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ադրբեջանցի քաղաքագետ. Խոստացել էին Ղարաբաղը, փոխարենը՝ այլ բան տվեցին

Ադրբեջանցի քաղաքագետ. Խոստացել էին Ղարաբաղը, փոխարենը՝ այլ բան տվեցին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհրաժեշտ է Ղարաբաղի հարցում ունեցած վճռականության իմիտացիա ստեղծել: Այս մասին «Էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ մեկնաբանելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ներումն ու ազատ արձակումը:

«Դե նա (Ալիևը – խմբ.) թքած ունի հասարակական կարծիքի վրա, նրա համար այս պահին ամենակարևորն այն է, որ ժողովրդի աչքերում հերոս երևա: Մեկ տարուց նա վերընտրվելու խնդիր է ունենալու: Եվ նա պետք է անպայման այնպիսի տպավորություն ստեղծի, թե Ղարաբաղի հարցում շատ վճռական է տրամադրված, և որ ինչ-որ բան անհրաժեշտ է անել: Իսկ նա ոչինչ չի կարող անել, խնդիրն արդեն 20 տարի է չի լուծվում: 10 տարի հայրիկն էր մեզ երգեր երգում հակամարտության շուտափույթ լուծման մասին, արդեն երկրորդ ժամկետն է՝ որդին է երգում, հիմա էլ երրորդ ժամկետի է գնում: Հենց այդ պատճառով նա ինչ-որ բան պետք է անի: Ահա և սուբլիմացիան. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փոխարեն Ռամիլ Սաֆարովի ազատ արձակում: Խնդրեմ, բոլորը խանդավառված են, ժողովուրդը տոնում է: Եթե հետևենք Facebook-ի ակտիվությանը, այնտեղ 4 հազարից ավել հաղորդագրություններ են եկել՝ բոլորը հիացական, բոլորը շնորհավորում են:

Ի սկզբանե այդ լուրը (Գուրգեն Մարգարյանի սպանությունը – խմբ.) ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից դրական լույսի ներքո ներկայացվեց. Ռամիլ Սաֆարովը խիզախ արարք է գործել, սպանել է թշնամու և այլն: Այդ ժամանակ էլ հայտարարեցին այն մասին, որ նրա համար անհրաժեշտ է լավ փաստաբան գտնել, դրամահավաք կազմակերպեցին, նրա նկարները մեքենաների վրա էին, վարսահարդարման սրահներում, կոշկակարանոցներում, խանութներում: Հիմա էլ հաղորդեցին, որ  նրան արտահանձնել են, իսկ Իլհամ Ալիևը  անմիջապես ներում է շնորհել, Պաշտպանության նախարարը բարձրացրել է նրա զինվորական կոչումը և թողել բանակում:

Ես կարծում եմ, որ նախագահի խորհրդականները ապաշնորհ են: Այս գործողությունները բացարձակապես չեն նպաստում ղարաբաղյան խնդրի լուծմանը: Ռազմական լուծմանը՝ այո նպաստում են, բայց մենք գիտենք, ինչպիսի իրավիճակ է բանակում: Նման բանակով, նման պաշտպանության նախարարով և այսպիսի սպայական կազմով խնդրի ռազմական լուծման մասին խոսք անգամ չի կարող գնալ: Ցավոք սրտի, նախագահը նման որոշում ընդունեց և արդյունքում ստացավ ԱՄՆ-ի գերագույն քաղաքական շրջանների արձագանքը: Չեմ կարծում, որ դրա պատճառով ինչ-որ լուրջ արտաքին քաղաքական ուժեր կմտածեն այն մասին՝ արդյոք իմաստ ունի շարունակել պաշտպանել Ալիևների կլանը իշխանության գլխին: Չկան այնպիսի լուրջ ուժեր, որոնք կցանկանային, որ նա հեռանար: Ասեմ ձեզ, որ Ռամիլ Սաֆարովի ներումը առանց որևէ բարոյականության նորմ պահպանելու, գոնե որոշ ժամանակով նստեցնեին, պարզապես ցույց է տալիս իրավական նիհիլիզմն ինչպես իշխանական շրջաններում, այնպես էլ Ադրբեջանի բնակչության մեջ»: