Home / Հայաստան / Արտակ Նազարյանի գործով վկայի հարցաքննությունը կիսատ մնաց. դատարան շտապ օգնություն կանչեցին

Արտակ Նազարյանի գործով վկայի հարցաքննությունը կիսատ մնաց. դատարան շտապ օգնություն կանչեցին

2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվել է զորամասի հրամանատար Սեյրան Ղազարյանը: Վերջինս այդ զորամասում հրամանատար է նշանակվել դեպքից օրեր առաջ և Արտակ Նազարյանի հետ շփվել է  մոտ 15 րոպե՝ Նազարյանի դիրքեր բարձրանալուց առաջ:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում դատական նիստից հետո տեղեկացրել է Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, հրամանատարը հարցաքննության ժամանակ նշել է, որ Նազարյանի հետ զրույցից բավական լավ տպավորություն է ստացել:

«Իր պատմածն այն էր, որ դեպքի օրն իրեն զանգել և ասել են, որ Արտակ Նազարյանին գտել են սպանված, և, որքան հիշում է, իրեն զանգել է գործով որպես մեղադրյալ անցնող Հակոբ Մանուկյանը: Դրանից հետո պնդեց, թե ինքն է հրաման տվել, որպեսզի հենակետի ամբողջ անձնակազմին կարգապահական մեկուսացման ուղարկեն, որովհետև ասում էր, թե խախտել են ինչ-որ զինծառայության կարգապահական կանոններ: Մինչդեռ՝ հենակետում գործում են մարտական հերթապահության կանոններ, ոչ թե զինծառայության», – ասել է Ծովինար Նազարյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանն էլ նշել է, որ, ըստ օրենքի, հրամանատարը պետք է կատարեր քննություն՝ միայն դրա արդյունքում կալանվորեր, սակայն ոչ մի քննություն չի կատարել:

«Ինչ վերաբերում է խախտումներին, նա ընդամենը ասաց, որ երբ գնացել է հենակետ,  այնտեղ իրարանցում է եղել, այնինչ քրեական գործում մենք պարզել ենք, որ բոլոր զինվորներիը նստել էին  և սպասում էին հերթական հրամանին, ոչ մի գործողություն չէին կատարում, և ոչ մի իրարանցում այնտեղ չի եղել և չէր էլ կարող լինել, քանի որ  այնտեղ էին ոստիկանության աշխատողները, դատախազության և քննչական մարմինները: Ակնհայտ կեղծ ցուցմունք էր տալիս գնդի հրամանատարը, և դրան խրախուսում էր դատավոր Մարդանյանը», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Վկայի հարցաքննությունը կիսատ է մնացել, քանի որ դատական նիստի ժամանակ մեղադրյալների պաշտպաններից Ալվարդ Մնացականյանի առողջությունը վատացել է, և նա միջնորդել է, որպեսզի դատական նիստը հետաձգվի: Դատավոր Սամվել Մարդանյանը չի հավատացել պաշտպանին և միայն շտապ օգնության աշխատակիցների ժամանելուց և բժիշկների կողմից տրամադրված վատառողջ լինելու մասին տեղեկանքից հետո հետաձգել է դատական նիստը:

Նշենք նաև, որ այսօր պետք է հարցաքննվեր գործի քննությունը տարած ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերով քննիչ Լևոն Պետրոսյանը: Հարցաքննությունը տեղի չի ունեցել, դատախազներն ասել են, որ նա ճանապարհին է և ուշանում է, իսկ Ծովինար Նազարյանը նշել է, որ իրենք քննիչ Պետրոսյանին դատարանում այդպես էլ չեն տեսել: