2011 թվականի օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Բորիս Հակոբյանի և Վահրամ Մարգարյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում Մարգարյանի մտերիմներն իրենց բողոքն են արտահայտել դատարանի բակում՝ պահանջելով ազատ արձակել Վահրամ Մարգարյանին, ով, նրանց խոսքով, անմեղ է:
Հիշեցնենք, որ Վահրամ Մարգարյանը 2004 թվականին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:
Epress.am-ի հետ զրույցում «Գուրգեն Մարգարյան» հ/կ-ի նախգահ Աշոտ Քոչարյանը ասել է, որ մեղադրանքի կողմից բերած վկաները նրանց համար արդեն իսկ հիմք են, որ Մարգարյանն անմեղ է:
«Մեղադրող դատախազի կողմից բերված իրական վկաները ասում են՝ Վահրամ Մարգարյանին չենք տեսել այդ ժամին այդ վայրում, էլ ուրիշ ի՞նչ են ուզում, էլ ուրիշ հիմքը ո՞րը պետք ա լինի: Մենք գիտենք, որ ինքը անմեղ է, բայց դատական պրոցեսը ուրիշ ձև ա ընթանում: Էդ էլ իրանց համակարգն ա, էդ էլ իրանց բերած վկաներն են, որ ասել են՝ չեն տեսել, ավել բան էլ ի՞նչ են ուզում: Մենք ակնկալիք ունենք երևի միայն ՀՀ նախագահից, որ տեղյակ լինի, ու էս հարցին լուծում տա: Թե չէ ուրիշ բան էլ չունենք»,- ասել է Աշոտ Քոչարյանը:
Նա նաև հավելել է, որ եթե դատական գործընթացն այսպես շարունակվի, իրենք մինչև վերջ պայքարելու են, և, հարկ եղած դեպքում, ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն նաև Եվրոպական դատարան: