Home / Հայաստան / Դատարանի մոտ պահանջում էին ազատ արձակել Գուրգեն Մարգարյանի եղբորը

Դատարանի մոտ պահանջում էին ազատ արձակել Գուրգեն Մարգարյանի եղբորը

«Գուրգեն Մարգարյանի եղբայրն անմեղ է». այսպիսի գրությամբ պաստառ են պահել մի խումբ երիտասարդներ, ովքեր այս րոպեներին բողոքի ակցիա են անցկացնում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ: Նրանց ձեռքին նաև 2004 թվականին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի մեծ նկարն է: Երիտասարդները պահանջում են ազատ արձակել Մարգարյանի եղբորը՝ Վահրամին, ով մեղադրվում է նախորդ տարվա օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում սպանությանը մասնակցելու մեջ:

Այդ օրը սպանվել էր Ռուսաստանի դաշնության 46-ամյա քաղաքացի Խաչիկ Գալոյանը: Դրանից անմիջապես հետո քաղաքացի Բորիս Հակոբյանը ներկայացել էր ոստիկանություն, հանձնել «Մակարով» տեսակի այն հրազենը, որից սպանվել էր Խաչիկ Գալոյանը և ասել, որ սպանություն կատարողը հենց ինքն է:  Ոստիկանությունը մասնակցության համար մեղադրանք է առաջադրել նաև Վահրամ Մարգարյանին:

Նշենք, որ այս տարվա մայիսին կայացած դատական նիստին որպես վկա էր հանդես եկել Աշոտ Ֆրանգուլյանը: Վերջինս հայտնի է փետրվարին մեծ աղմուկ բարձրացրած «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Հայկ Գևորգյանի գործի առնչությամը: Ֆրանգուլյանը պնդում էր, որ Գևորգյանն իրեն վրաերթի է ենթարկել:

Մայիսին կայացած նիստի ժամանակ Բորիս Հակոբյանի պաշտպանը միջնորդել էր որպես վկա դատարան հրավիրել մի մարդու, որը կփաստի, որ սպանության օրը և ժամին ինքն ու Աշոտ Ֆրանգուլյանը բոլորովին ուրիշ վայրում շինարարությամբ են զբաղված եղել, մինչդեռ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայրից փախչելիս տեսել է Վահրամ Մարգարյանին:

Նշենք, որ այսօր պետք է կայանար սույն գործով հերթական դատական նիստը,սակայն այն հետաձգվեց, քանի որ գործում ներգրավվել է նոր դատախազ՝ Վահագն Պողոսյանը, ով խնդրել է 5 հատորանոց գործին ծանոթանալու համար ժամանակ տրամադրել իրեն: Դատավոր Արշակ Վարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին:

Այս պահի դրությամբ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները դեռևս կանգնած են դատարանի շենքի մոտ: Նրանց թվում են նաև «Գուրգեն Մարգարյան» ՀԿ-ի անդամներ:

Լուսանկարը՝ ankakh.com-ի