Թուրքիայի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի վերացնելու համար ժամկետային սահմանափակումները, վկաների ահաբեկման դեպքերը և մի շարք այլ խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս հետաքննություն սկսել սպանությունների, անհետացումների և խոշտանգումների համար պատասխանատու անվտանգության ուժերի և պաշտոնյաների հանդեպ: Սեպտեմբերի 3-ին հրապարակված իր զեկույցում այս մասին նշել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
«1980 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո և 1990-ականներին կառավարական ուժերի ու Քրդական Բանվորական Կուսակցության միջև բախումների ընթացքում գրանցված մարդու իրավունքների ոտնահարման լուրջ դեպքերի համար մեղավոր անձինք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել:
Բանտերում գրանցված հարյուրավոր սպանությունները և ուժային մարմինների կողմից իրականացված մահապատիժները կարող են մոռացության մատնվել, իսկ գործերը կարող են փակվել վաղեմության պատճառով: Թուրքիայի նախորդ քրեական օրենսգրքի համաձայն 20 տարվա վաղեմություն ունեցող սպանությունները չեն քննվում: Պետության կողմից իրականացված հազարավոր քրդերի սպանությունների պատասխանատուները նույնպես կարող են խուսափել արդարադատությունից, եթե անցնի ևս երեք տարի:
Հետաքննությունների համար ժամանակ սահմանող հին օրենքները թույլ են տվել Թուրքիայի անվտանգության ուժերին և պաշտոնյաներին սպանություններ և խոշտանգումներ իրականացնել: Այժմ Թուրքիայի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ապացուցելու, որ արդարության վերականգնման համար ժամկետային սահմանափակումներ չկան»,- մասնավորապես ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս Թուրքիայի խորհրդարանին նաև ճշմարտության անկախ հանձնաժողով ստեղծել՝ քննելու համար անցյալի հանցագործությունները: