ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է հայաստանցի երիտասարդներին չայրել Հունգարիայի դրոշը: Այս մասին նա հայտարարել է այսօր Շիրակի մարզ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում:
«Որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ այս պահին շարունակվում են աշխատանքները՝ կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո ստեղծված իրավիճակի հետ:
«Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին՝ ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին», – ասել է Սերժ Սարգսյանը: