Playboy-ի աստղ և դերասանուհի Դոննա Դ’Էրիկոն մեկնել է Թուրքիա՝ Արարատ լեռան վրա Նոյյան Տապանի մնացորդներ որոնելու: Այդ ընթացքում 44-ամյա դերասանուհին մտադիր է վավերագրական ֆիլմ նկարահանել համաշխարհային ջրհեղեղի մասին աստվածաշնչյան սյուժեի համաձայն:
Ժամանակին հայտնի ամերիկյան «Մալիբուի փրկարարները» սերիալի աստղը հայտարարել է, որ իրեն մանկուց հուզում է այդ սյուժեն, իսկ Արարատ լեռան վրա վերջին շրջանում հայտնաբերված որոշ գտածոների մասին լուրերը նրան ստիպել են Թուրքիա մեկնել: «Արդեն երկու տարուց ավելի է՝ ես տեղեկություններ եմ հավաքում, որոնք թույլ կտային ավելի հստակ տեղորոշել այն վայրը, որտեղ կարող են լինել Նոյյան տապանի մնացորդները: Հիմնականում գիտական տվյալներ եմ փնտրում, որոնք կհստատեին Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունները»,-հայտարարել է դերասանուհին:
Նրա մոտ, մասնավորապես, մեծ հետաքրքրություն են առաջացրել տիեզերքից արված նկարները, որոնց վրա երևում է մեծ՝ 300 մետրի հասնող նավ հիշեցնող առարկա: Առարկան գտնվում է Արարատ լեռան վրա՝ ծովի մակարդակից 4663 մետր բարձրության վրա:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում դերասանուհին արդեն մեկ անգամ փորձել էր բարձրանալ Արարատի վրա, սակայն այդ փորձը անհաջողությամբ էր ավարտվել: Դերասանուհին ընկել էր մեծ բարձրությունից՝ կապտուկներ և վնասվածքներ ստանալով: