Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ռամիլ Սաֆարովի շուրջ քննարկումներում Լեռնային Ղարաբաղի թեմայի արծարծումն անլուրջ է համարում: Այս մասին Մանուկյանն ասել է ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Նույնիսկ երկրորդ նախագահի պաշտոնում աշխատող մարդն է իջել այդ մակարդակին, ես ամաչում եմ իր ասածների համար: Այսինքն, Հունգարիային ինքն առաջարկում է այս սխալը լվանալու համար ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Հետո՞: Բա դու երկիր ես ղեկավարել, ու դու նման բան ես առաջարկո՞ւմ: Ու Հունգարիան էլ կընդունի՞ քո «խելամիտ» առաջարկը, վաղը կճանաչի՞ Ղարաբաղի անկախությունը, հա՞: Համաձայն չեմ անգամ, եթե Հայաստանի համար են առաջարկ անում: Ի՞նչ եղավ ձեզ, դիվանագիտություն փոխվե՞ց Հայաստանում, քաղաքական ստրատեգիան փոխվե՞ց: Այսինքն, եռանախագահությանը մերժո՞ւմ եք: Միջազգային հանրությա՞նը մերժում եք, դո՞ւրս եք գալիս բանակցային գործընթացից: Մի քիչ լուրջ պահեք, մի քիչ ծանր պահեք ձեզ: Կտրականպես դեմ եմ: Այսօր ՀԱԿ-ն իրեն պահում է ավելի ծանր, լուրջ, պետության հոգսերով, մտահոգությամբ ապրող, քան իշխանությունը»,- ասել է Մանուկյանը: