Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը որոշակի ժամանակով դուրս է գալիս քաղաքականությունից: Այս մասին նա երեկ հայտնել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում: Նա նշել է, որ ցանկանում է բիզնեսով զբաղվել, «ավելի շատ կենտրոնանալ էդ ողղությամբ»:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու, իսկ ՀՀԿ-ն այս ընտրություններին սատարելու է Սամվել Բալասանյանին:
«ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Վարդան Ղուկասյանը խնդրել է իր մասին նաև «լավ բաներ գրել»:
«Լսե, հլը, տնաշեն, ընչի՞ իմ մասին ընդքան վատ բան կգրես, մե քիչմ էլ լավ բան ըսա, էլի: Ի՞նչ է, վատ եմ շինել էս քաղաքը, ի՞նչը հեչ մեկիդ սրտով չէ, օր ըդքան կգրեք ու կգրեք, հը՞», – հայտարարել է Ղուկասյանը:
Լրագրողը Ղուկասյանին նաև հարցրել է օգոտսոսի 24-ին Գյումրիի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հնչած կրակոցների մասին: Միջադեպին մասնակցելու մեջ մեղադրում են նաև Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին, ով օգոտոսի 29-ից հետախուզման մեջ է:
Ղուկասյանի խոսքով՝ ինքը չգիտի կրակոցներ եղել են, թե ոչ, դա պետք է պարզեն իրավապահները: Խոսելով որդու նկատմամբ հետախուզման մասին՝ Գյումրիի քաղաքապետը հայտարարել է, թե հետագա գործընթացը ցույց կտա «փնտրում են, թե չեն փնտրում»:
Ղուկասյանը նշել է, որ օրենքը խախտողները պատասխան են տալու, «բոլորն էլ օրենքի առաջ պատասխանատու են, սկսած ինձանից, վերջացրած ձեզանով»:
Նա նաև հավելել է, որ եթե իր որդու անունն այդ պատմության մեջ արծարծվում է, ապա ինքը մեղավոր է համարում նրան:
Օրաթերթը նշում է, որ Սպարտակ Ղուկասյանին կիրակի որոշ գյումրեցիներ տեսել են աչքի չընկնող մեքենայով շրջելիս: