Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի պատմությունը ցնցել է Ադրբեջանի հանրությանը: Ոմանք (մեծամասնությունը) նրան հերոս են անվանում, մնացածները՝ հանցագործ, բևեռացված անվերջանալի դիրքորոշումները հանգեցնում են փոխադարձ մեղադրանքների, որոնք թույլ չեն տալիս հանգիստ և սթափ գնահատել տեղի ունեցածը: Այս մասին Kultura.az կայքում գրում է պրոֆեսոր, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Ռահման Բադալովը, ում հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Կարելի է զուգահեռներ տանել ֆրանսիական բանակի կապիտան Դրեյֆուսի գործի հետ (մեր պատմությունն ավելի գարշելի է), ով ժամանակին երկու մասի էր բաժանել ֆրանսիական հասարակությունը: Այն տարիներին Ֆրանսիայում ռազմական խավը, կղերականները, ազգայնականները, այդ թվում՝ նրանք, ովքեր հակասեմիտական հայացքներ ունեին, ոչ միայն պաշտպանում էին մեղադրող կողմին, այլև ազգայնական հիստերիա էին հրահրում, որը սովորաբար խլացնում է գիտակցության և խղճի ձայնը: Այդ պայմաններում ֆրանսիական մտավորականության շատ ներկայացուցիչներ իրենց պարտքը համարեցին կապիտան Դրեյֆուսի կողքին կանգնել, ում մեղքը չէր ապացուցվել դատարանում: Հավելեմ, որ ֆրանսիական մտավորականության դիրքորոշումը, այդ թվում՝ Էմիլ Զոլյայի հայտնի «Ես մեղադրում եմ» հոդվածը, ոչ միայն օգնեցին կապիտան Դրեյֆուսի հետագա արդարացման գործին, այլև մեծ դեր ունեցան ֆրանսիական հասարակության զարգացման հարցում: Նման պայմաններում իմ քաղաքացիական պարտքն եմ համարում դիրքորոշումս հայտնել Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ՝ խուսափելով որևէ մարտավարական հնարքներից:
Անմիջապես ասեմ, որ, չլինելով իրավաբան, չեմ կարող իրավաբանական գնահատական տալ ադրբեջանական բանակի սպայի արտահանձնման և ներման գործընթացին, բայց չեմ կարող ուշադրություն չդարձնել մեր մի շարք առաջատար իրավաբանների կարծիքին, որոնք նախագահի կարգադրությունը հապշտապ և իրավաբանորեն ոչ անթերի են ճանաչել են: Անցնեմ սեփական դիրքորոշմանը:
Առաջինը՝ Արտահանձնումն ու նրա հետագա ներումն ընդունելի կարող էր լինել, եթե չլինեին իշխանությունների հետևյալ քայլերը՝ օդանավակայանում հանդիսավոր ընդունելությունը, զինվորական կոչումի բարձրացումը, հունգարական բանտում անցկացրած տարիների չափով աշխատավարձի ամբողջական վճարումը, բնակարանի տրամադրումը և այլն: Ըստ էության, ներումը արդարացման վերածվեց, ինչը ծայրահեղ անընդունելի է, քանի որ խոսքը գնում է հանցագործության մասին, որը ապացուցվել է դատական քննության ընթացքում:
Երկրորդը՝ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն պարզապես հանցագործություն է գործել, իմ կարծիքով, նա հատել է սպայի արժանապատվության սահմանը: Բոլոր ժամանակներում, բոլոր բանակներում գործում էին ռազմական էթիկայի այս կամ այն նորմերը, որոնք խախտելը պախարակման արժանի արարք է: Անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել. քնած մարդուն կացնահարելն անպատիվ արարք է ցանկացած մարդու համար, առավել ևս սպայի, և նման արարքը վճռական դատապարտման է արժանի՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքները, որոնցում կատարվել է այդ հանցագործությունը:
Ընդգծեմ, որ այս սկզբունքների խախտման դատապարտումը պետք է շատ ավելի խիստ լինի, քան Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի խախտումը, քանի որ նման հանցագործությունների համար գործող տաբուները թույլ չեն տալիս հասարակությանը վայրենի դառնալ և համընդհանուր չարացման գնալ:
Երրորդը՝ Ռամիլ Սաֆարովի հերոսացումը կտրականապես հակասում է Ղարաբաղյան պատերազմի իսկական հերոսներին, որոնցից շատերը մահացել են հենց պատերազմի ժամանակ: Մենք գիտենք՝ ինչպես են այսօր ապրում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները, ինչպես են ոտնահարվում նրանց իրավունքները, ինչպիսի անտանելի պայմաններում են գոյատևում ղարաբաղյան պատերազմում զոհված շատ զինվորների և սպաների ընտանիքները: Այս պայմաններում ռազմական էթիկայի տարրական սկզբունքները խախտած հանցագործին հերոսացնելն ուղիղ կերպով վիրավորում է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը:
Չորրորդ՝ ես բազմիցս գրել եմ, որ չի կարելի ղարաբաղյան պատերազմը հայերի հետ էթնիկ պատերազմի վերածել: Դա անընդունելի է, քանի որ նման ինքնապաշտպանական բնազդը վաղուց իրեն սպառել է քաղաքակիրթ հասարակություններում: Մյուս կողմից, մեզ երկիմաստ վիճակի մեջ է դնում, քանի որ մենք հրապարակավ համաձայնում ենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին բարձր մակարդակի ինքնավարություն տրամադրել: Հենց էթնիկ դիմադրության ինտոնացիան և բառապաշարը, որոնք կարող են հայտնաբերվել ոչ միայն մեր որոշ լրագրողների հոդվածներում, այլև շատ քաղաքական գործիչների հայտարարություններում, ակտուալ են դարձնում հայ բնակչության անվտանգության հարցը, որը մեր հայտարարությունների համաձայն ապրելու է մեր երկրում:
Հինգերորդ՝ Ռամիլ Սաֆարովի պաշտպանության փաստարկները հնարավոր չէ կառուցել մեկ այլ երկրի գործողություններում եղած նույնօրինակ փաստերի վրա: Մեզ բոլորիս հայտնի են նման «փաստարկները» դպրոցական տարիներից՝ «ինչու իրեն կարելի է, իսկ ինձ ոչ», «եթե նա այդպես անի, ես նույնկերպ կպատասխանեմ», որոնք հասուն հասարակության համար մանկական կարելի է ճանաչել: Գարշելի արարքը պետք է գարշելի անվանվի, և ոչ մի դեպքում չի կարող արդարացվել մյուս կողմի գարշելի արարքներով:
Վեցերորդ՝ տեսակետներ են հնչում, որ Ռամիլ Սաֆարովի պատմությունը կվերածնի Ղարաբաղյան խնդրի հարցում հասարակության հետաքրքրությունը, որ այն կարող է հայրենասիրության բարձրացման խթան հանդիսանալ: Ըստ իս, այս միտքը որքան վիրավորական է, այնքան էլ խայտառակ:
Եվ վերջում՝
Վստահ եմ, որ Ռամիլ Սաֆարովի պատմությունը, և ուղիղ ասեմ, մեր իշխանությունների հապճեպ, հիմնականում չմտածված գործողությունները, հսկայական վնաս են հասցրել երկրի իմիջին:
Երկրորդ հերթին, մենք ղարաբաղյան հակամարտության լուծումը մի կողմ ենք դրել, և մեծ ջանքեր կպահանջվեն, որպեսզի երկու կողմերին հետ պահենք անվերջանալի ուժային հռետորաբանությունից: Ես խոսում եմ ոչ այնքան ռազմական գործողությունների մասին, որքան իրանց իմաստով ահաբեկչական գործողությունների: Նվազ ջանքեր չեն պահանջվի բոլոր խելամիտ մարդկանց կողմից, նախևառաջ, որպեսզի աշխարհին ապացուցելու համար, որ բարոյալքված մարդիկ չենք»: