Home / Հայաստան / Կինը պնդում է, որ իրեն ծեծել է զինկոմի տեղակալը. որդին ձերբակալված է (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Կինը պնդում է, որ իրեն ծեծել է զինկոմի տեղակալը. որդին ձերբակալված է (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Երկու ոտքերը վիրահատված ու բրոնխյալ ասթմայով տառապող Հարություն Մանուկյանը, ով 1,5 տարի ծառայել է Մադաղիսում, շուրջ մեկ տարի է՝ անհիմն ձերբակալված է: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հարությունի մայրը՝ Կարինե Մուրադյանը, ով այսօր բողոքի ակցիա էր անցկացնում կառավարության շենքի մոտ:

Մոր խոսքով՝ տղային ձերբակալել են այն բանից հետո, երբ Կոտայքի մարզի զինկոմի տեղակալ Պետրոս Մեղրյանը (1993 թվականին ղարաբաղյան պատերազում զոհված Շահեն Մեղրյանի եղբայրը) իրեն ծեծի է ենթարկել առանձնասենյակում, իսկ որդին փորձել է իրեն պաշտպանել:

Բողոքող կինը պատմել է, որ իրենց ընտանիքը տուժել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից, ու ինքը մինչ օրս քրոջ գտնվում է քրոջ խնամալկալության տակ:

«Ղարաբաղում 1-ին կարգի սերժանտ տղայի մորն էլ վայենկոմատում կծեծե՞ն: Ինչի՞ համար, ասեք՝ իմանամ: Երեք անգամ տղայիս զինգրքույկը անօրինական տարել են զինկոմիսարիատ, ես էլ գնացել եմ պարզելու, թե ի՞նչն է պատճառը: Առաջին անգամ գնացի ու հարցրեցի՝ ի՞նչ է պատահել, ասացին՝ ոչինչ չկա, Կարինե ջան, նույնը՝ երկրորդ անգամ: Երրորդ անգամ արդեն, երբ ասացի, որ գնում ենք Ռուսաստան ու հարցրի՝ թե ինչի՞ համար զինգրքույկը չեն տալիս, պատասխանեցին, թե տղաս հրաժարվել է մասնակցել Ղարաբաղում ընթացող եռօրյա հավաքների: Ես ասացի, որ  պատճառ ունի, ոտքերը հիվանդ են ու ասթմա ունի: Խնդրեցի բժշկական հետազոտություն անցկացնել, Մեղրյանը, թե՝ դուրս կորի, դու չպտի ասես, թե ես ինչ անեմ: Այնուհետ նա ինձ ծեծի է ենթարկում հենց կաբինետի մեջ», – բողոքել է Մուրադյանը՝ ընդգծելով, որ ծեծի ենթարկվելու պահին զինկոմիսարիատի աշխատակիցներից ոչ ոք չի միջամտել ու իրեն օգնություն չի ցուցաբերել:

«Մայր եմ չէ՞, վերջապես, իրենք մայր չունե՞ն: Ո՞նց կարելի է զինվորի մորը ծեծել», -հարցրել է Մուրադյանը: Նա պատմել է, թե երկրաշարժից հետո ինչպիսի զրկանքներով է պահել ընտանիքը:

«Եկեք հարցրեք, ընտանիքս նայեք, թե ինչ վարկ ու պատիվ ունեմ. հաց չեմ ունեցել ուտելու, բայց մարմինս չեմ ծախել, մարմնավաճառ չեմ դարձել: Հողը փորել եմ, հաց եմ ստեղծել, որ էսօր որդուս տանեն փակե՞ն: Ու՞ր ա տղես, տվեք իմ տղուն», – կրկնել է մայրը ու հիշեցրել, որ Մեղրյանը ծեծի ենթարկելու պահին սպառնացել է ոչնչացնել  իր ընտանիքը:

«Մեղրյանը հարվածում էր՝ բավական չէ, հետո էլ սպառնում էր, թե կհանգցնի ընտանիքս, ու հանգցրեց: Այսքանից հետո էլ անամոթաբար կրկնում էր, թե ինքը հերոս եղբայր ունի», – բողոքել է Մուրադյանը:

Նա նաև շեշտել է, որ այս դեպքից հետո իր մյուս որդուն ուղարկել է Ռուսաստան, քանի որ վստահ է, որ նրան էլ կարող են ձերբակալել:

«Ու այսքանից հետո ասում են՝ ապրի, ո՞նց ապրեմ: Հենց հիմա պատրաստ եմ կառավարության մոտ կախաղան բարձրանամ: Թող թողնեն, գնամ Թուրքիա, ով ա ստեղ իմ տերը՝ կառավարությու՞նը­», – ասել է Մուրադյանը:

Նա նաև պատմել է, որ շուրջ 1 տարի է, իրենք գնում են դատարան, ու ամեն անգամ,   առանց պատճառի, դատական նիստերը հետաձգվում են: