Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շարունակում է բացատրություններ պահանջել սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից լրագրողների նկատմամբ կիրառված խտրականության համար, ասված է ակումբի հայտարարության մեջ:
27 ժամ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 4-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմը խտրականություն է կիրառել լրագրողների նկատմամբ, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը panorama.am կայքին հետևյալ կերպ է մեկնաբանել տեղի ունեցածը.
« … ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը այցի ավարտին հաղորդագրություն է տարածել և ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում տեղադրել է հանրապետական առաջատար մի քանի հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին ՀՀ Նախագահի պատասխանների տեքստային և վիդեո տարբերակները:
Ճեպազրույցը տեղի է ունեցել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» փոքրիկ նախասրահում, հետևաբար` բուժվողներին հնարավորին քիչ անհանգստացնելու նպատակով և տարածքի սահմանափակության պատճառով մի քանի կարճ հարցեր տալու հնարավորություն են ունեցել միայն հանրապետական հեռարձակում ունեցող մի քանի հեռուստաընկերությունների լրագրողներ»:
Այս առնչությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նկատում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն անտեղյակ է այդ հիվանդանոցի իրական հնարավորություններին, և որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի շենքն ունի 80 մետր լայնություն և 140 մետր երկարություն, բաղկացած է 5 մասնաշենքերից և ներսում բազմաթիվ սրահներ կան:
«Բացի դա, president.am կայքում տեղադրված հարցազրույցի տեսագրությունը վկայում է, որ հարցազարույցի պահին Ս.Սարգսյանի թիկունքում առնվազն 20-25 քառակուսի մետր տարածք կար անգամ այդ սրահում», – ընդգծում են հայտարարության հեղինակները:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նշում է, որ այցը լուսաբանելու ցանկություն ունեցած գյումրեցի լրագրողները ժամանակին և պատշաճ հավատարմագրված են եղել նախագահականում, սակայն նույն հիմնարկի արգելքի պատճառով չեն կարողացնել իրացնել իրենց իրավունքը ամբողջությամբ և իրենց կամեցած ձևով:
«Այս խտրականության պատճառով ակնհայտորեն անհավասար պայմանների մեջ են հայտնվել այլ լրագրողների հետ. ներկաներն անմիջապես են հաղորդակցել Ս.Սարգսյանի մտքերին, իսկ դրսում թողնվածները` շատ ավելի ուշ` նախագահական կայքում տեղադրված նյութերից, ներկաները Ս.Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն են ունեցել, իսկ դրսում թողնվածները չեն ունեցել այդ հնարավորությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պարտավոր է բացատրություն տալ հասարակությունը իր մեկնաբանությունում նշված «առաջատար հեռուստաընկերություններ» որակման մասին. ինչպե՞ս, ո՞ր իրավական ակտով է պետական հիմնարկը որոշել հեռուստաընկերությունների առաջատար կամ երկրորդատար լինելը (ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում այդ սահմանումները չկան), կա՞ն արդյոք նախագահականում «առաջատար հեռուստաընկերությունների» և «ետատար հեռուստաընկերությունների» ցուցակներ, եթե այո, ինչո՞ւ չեն հրապարակվում դրանք, ինչո՞ւ այցերի և հարցազրույցների կազմակերպման նախօրեին հավատարմագրված լրատվամիջոցներին չի իրազեկվում, որ այսինչ հարցազրույցը միայն որոշակի սորտի լրատվամիջոցների համար և ոչ` այլ, ընդհանրապես` ի՞նչ դասակարգումներ կան նախագահականում տպագիր, ռադիո, համացանցային լրատվամիջոցների համար: Այդպիսով, նույն վարչությունը չի նկատել, որ իր մեկնաբանության մեջ հենց ինքն է ներկայացրել Գյումրիում սեպտեմբերի 4-ին լրագրողների նկատմամբ կիրառված խտրականության և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ապացույցները», – նշում են ակումբի ներկայացուցիչները:
Նրանք նշում են, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն իր պատասխանում ասել է բաներ, որոնց համար ստիպված կլինի լրացուցիչ բացատրություններ գտնել:
«Այսպես, խոսելով հարցազրույցին մասնակցած լրատվամիջոցների մասին՝ արդարանալով ասել են. «…կարճ հարցեր տալու հնարավորություն են ունեցել միայն հանրապետական հեռարձակում ունեցող մի քանի հեռուստաընկերությունների լրագրողներ»: Սակայն նախագահական կայքի հեռուստահարցազրույցում երևում է, որ այդտեղ ներկա են եղել նաև Երեւանի «ԱՐ» հեռուստաընկերության լրագրողն ու նկարահանող օպերատորը, որոնք կարճ հարցեր տալու հնարավորություն նույնպես ունեցել են, անկախ այն հանգամանքից, օգտվե՞լ են այդ հնարավորությունից, թե՞ ոչ: Միաժամանակ փաստ է, որ այդ հեռուստաընկերությունը հանրապետական հեռարձակում չունի…: Ըստ ՀՌԱՀ պաշտոնական տեղեկությունների, ԱՐ հեռուստաընկերությունը հեռարձակվում է միայն Երևանում: Վարչությունը պարտավոր է բացատրել, թե այդ ինչպե՞ս միայն Երևանի տարածքում հեռարձակման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունը սկսեց հաղորդումները հեռարձակել հանրապետությունով մեկ, արդյո՞ք հեռուստաընկերությունը խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, եթե այո, ապա արդյո՞ք այս մասին ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, և այլն:
Եզրափակելով, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ 2012 թվի սեպտեմբերի 4-ին Գյումրիում լրագրողների նկատմամբ խտրականության դրսևորմամբ և նրանց օրինական պարտականությունները կատարելուն խոչընդոտելով, ՀՀ նախագահի աշխատակազմից լրագրողներին նախագահի ճեպազրույցին մասնակցել արգելող մեկը խախտել է ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգի 3-դ և 15-րդ հոդվածների մի շարք պահանջներ, մասնավորաբար.
«3. Պետական մարմինը` …. բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ, գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
…, …,
15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝ ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը, բ) նախապես տեղեկացված լինելու պետական մարմնի միջոցառումների անցկացման մասին եւ ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին, գ) մասնակցելու պետական մարմնի միջոցառումներին, դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ՀՀ նախագահի աշխատակազմից պահանջում է տեղի ունեցածի և հաջորդած մեկնաբանություններում տեղ գտած հակասությունների մասին պատշաճ բացատրություն ներկայացնել հանրությանը», – եզրափակում են հայտարարության հեղինակները: