Դեռ երեկ Ստամբուլում անցկացվող Շախմատային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճելու Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները մոտ 80 տոկոս էին գնահատվում: Մրցաշարի ավարտին 3 տուր էր մնացել, իսկ ռուսաստանցիները 2 միավորով առաջ էին անցել հետապնդողներից, ինչը մեծ առավելություն էր համարվում:
Սակայն այսօր ԱՄՆ-ի հավաքականը կարողացավ անել, կարծես, անհավանականը, մրցաշարի ընթացքում առաջինը պարտության մատնեց ամենաբարձր վարկանիշն ունեցող ռուսաստանցիներին: Հիկառու Նակամուրան առաջին տախտակին սպիտակներով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին, երկրորդ տախտակին սևերով հանդես եկող Գատա Կամսկին օգտվեց Ալեքսանդր Գրիշչուկի վերջնամասում արած կոպիտ սխալից: ԱՄՆ-ն ներկայացնող Ալեքսանդր Օնիշչուկը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, և ռուսաստանցիներից միայն Դմիտրի Յակովենկոն չորրորդ տախտակին հաղթեց Ռոյ Ռոբսոնին:
Ռուսաստանցիների ձախողումից օգտվեցին Չինաստանը և Հայաստանը, որոնք այժմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ 15-ական միավոր են վաստակել:
Մեր ընտրանին 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի ուժեղ հավաքականին: Առաջին տախտակին Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Արկադի Նայդիչին, իսկ երրորդ տախտակին Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց Գեորգ Մայերին: Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց Իգոր Խենկինի հետ, և երբ Հայաստանը հաղթում էր 2,5:0,5 հաշվով Գաբրիել Սարգսյանը թույլ տվեց պարտությունն ընդունել Դանիել Ֆրիդմանի հետ պարտիայում՝ 2,5:1,5: Այս պահին Հայաստանը 4 առաջատարներից լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է:
Վաղը ռուսաստանցիներին համեմատաբար հեշտ հանդիպում է սպասում Արգենտինայի ընտրանու հետ, Հայաստանը խաղալու է Հոլանդիայի դեմ, իսկ ԱՄՆ-ն հանդիպելու է չինաստանցիներին: