Մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով՝ Ադրբեջանը ցույց տվեց ողջ աշխարհին, որ հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը, և սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել`առանց հետևանքների մասին մտածելու: Այս մասին «Ժողովորդ» թերթի հետ զրույցում ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Սասուն Սիքայելյանը:
«Մենք պետք է ազգովի գիտակցենք, որ պատերազմի վտանգն ամեն պահի կա: Վաղը, մյուս օրը, թե մեկ-երկու տարի հետո Ադրբեջանը կսանձազերծի պատերազմ: Բանակցությունների միջոցով այլևս որևէ արդյունքի հնարավոր չէ հասնել: Ես կարծում եմ՝ Հայաստանը ոչ թե պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլ ժողովրդի կամքի արտահայտմամբ` հանրաքվեի միջոցով երկու երկրների խորհրդարանները որոշում ընդունեն Հայաստանն ու Արցախը միասնական հանրապետություն հռչակելու մասին: Սա պետք է լինի մեր առաջին քայլը, որովհետև արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը երբ ցանկանա, պատրաստ է պատերազմ հայտարարել` հաշվի չառնելով միջազգային հանրության կարծիքը: Իսկ մենք, մի կողմ դնելով մեր ամբիցիաները, պետք է համախմբվենք և պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի կուտակած զինուժին ու ֆինանսական մեծ հնարավորություններին: Չպետք է հույս կապենք եվրոպական կառույցների կամ արտաքին այլ ուժերի հետ. մեր հույսը մեր միասնականությունը պիտի լինի», – ասել է Միքայելյանը: