Երեկ Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի և քաղաքացի Տիգրան Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Վեզիրյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նիստի ժամանակ Արման Վեզիրյանը փորձել է դատարանից ճշտել, թե ինչում է մեղադրվում, որովհետև չէր կարողանում հասկանալ:
«Դատավորն առաջարկեց փաստաբանին դիմել, որ բացատրի, ես ասացի, որ ես ինքս չեմ հասկանում՝ ինչում է մեղադրվում Արման Վեզիրյանը, որովհետև օրենքի բոլոր կետերով պահանջվում է, որպեսզի լինի մեղադրյալի գործողություններից տուժած անձ, եթե քրեական գործում բացակայում է տուժողի մասին որոշումը, այսինքն՝ գործով տուժող Արման Վեզիրյանը չի կարող համարվել մեղադրյալ:
Ու դրա հետ կապաված միջնորդություն արեցի՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին: Շատ երկար բանավեճից հետո դատարանը պետք է համոզվեր, որ իրականում օրենքի պահանջից է ելնում իմ միջնորդությունը, սակայն դատարանը մերժեց իմ միջնորդությունը ՝ համարելով այն անհիմն»,- ասել է Նինա Կարապետյանցը:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին: Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան Տիգրան Մանուկյանը, և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նշենք, որ Մանուկյանը բողոքել է միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է: Իրավապաշտպանը հերքում է այդ մեղադրանքը:
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին:
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի Facebook-ի էջից