Home / Տեսանյութեր / Եթե Սերժ Սարգսյանը պետական մտածողություն ունենար… Զուրաբյանը՝ ակցիայի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե Սերժ Սարգսյանը պետական մտածողություն ունենար… Զուրաբյանը՝ ակցիայի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Ազգային Կոնգրեսը, թեև կոշտ հակասության մեջ է իշխանությունների հետ, սակայն, որպես պետական մտածողություն կրող ուժ, նպատակահարմար է գտել միանալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը դատապարտող հայտարարությանը: Այս մասին այսօր Դատախազության մոտ ի պաշտպանություն ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ եթե իշխանությունները գոնե մի քիչ օժտված լինեին պետական մտածողությամբ, ապա կհասկանային, որ պետք է դադարեցնեն քաղաքական հետապնդումը ընդդիամադիր քաղաքական ուժերի և ակտիվիստների նկատմամբ:

Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում է նախորդ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով ձերբակալվել էին ՀԱԿ-ի 7 ակտիվիստներ, իսկ նրանցից 4-ին՝ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին դատարանն արդեն տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել:

 

«Այդ հայտարարությունն ուներ բազմաթիվ թերություններ, բայց մենք, լինելով անհաշտ ընդդիմություն այս երկրում, ազգային և պետական շահերը վեր դնելով ամեն ինչից, միացանք այդ ակցիային: Որովհետև մենք, անկախ նրանից՝ իշխանության մեջ ենք եղել, անկախ նրանից, որ քանի տարի է՝ պայքարում ենք որպես ընդդիմադիր ուժ, մենք պետական մտածողություն կրող ուժ ենք: Արդյո՞ք նույն բանը կարելի է ասել այսօրվա իշխանությունների մասին: Եթե այսօրվա իշխանություններն ունենային  պետական մտածողության գոնե մի փոքր մասնիկ, նրանք կհասկանային, որ հենց հանուն արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեր ազգի հզորության, հանուն ազգի համախմբվածության,  նրանք պետք է դադարեցնեին քաղաքական հետապնդումը ընդդիամադիր քաղաքական ուժերի նկատմամբ, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Եվ այսօր, եթե նրանք պետական մտածողություն  ունեցող իշխանություն լինեին, ուրեմն առաջին քայլը,  որ պետք է աներ Սերժ Սարգսյանը՝ անմիջապես կազատեր Տիգրան Առաքելյանին»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Նրա այս խոսքերին անմիջապես հետևել են «Հիմա, հիմա» վանկարկումները:

Զուրաբյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ իշխանություններից պետական մտածողություն սպասելն ավելորդ է, և այդ պատճառով իրենց մնում է միայն  շարունակել համառ պայքարն իրենց ընկերների ու երիտասարդների ազատության համար:

Նշենք, որ այսօրվա ակցիային մասնակցում էին նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանը և Կոնգրեսի այլ ներկայացուցիչներ: Ակցիայի ժամանակ ակտիվիստները դատախազության մոտ վանկարկում էին «Ազատություն», «Սերժիկ, հանցագործ», «Աղվան, հանցագործ»: