Թուրքիայով Եվրոպա հասնել փորձող առնվազն 61 փախստականներ խեղդվել են թուրքական Իզմիր նավահանգստի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով:
Երեկ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին 58 զոհերի մասին: Մահացածների թվում են 18 կանայք, 29 երեխաներ և երկու նորածիններ: 46 հոգու կյանք հնարավոր է եղել փրկել: Փրկվածների թվում են նաև նավի անձնակազմի երկու ներկայացուցիչներ, ովքեր այժժ մեղադրվում են թրաֆիքինգի մեջ:
Հիշեցնենք, որ շուրջ 100 ուղևորների փոխադրող 15 մետրանոց ձկնորսական նավը խորտակվել էր սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ 5:30-ին ժայռին բախվելու հետևանքով:
Փախստականների մի մասը կարողացել էր լողալով հասնել ափ՝ կտրելով 50 մետր հեռավորությունը:
Ինչպես նշում է Hurriyetdailynews-ը, կորուստներն այդքան շատ են, քանի որ փախստականների մեծ մասը, այդ թվում՝ կանայք և երեխաները, փակված են եղել տախտակամածի տակ:
Փրկված ուղևորները պատմել են, որ ուղևորության կազմակերպիչները խոստացել էին իրենց Բրիտանիա հասցնել:
Ապօրինի միգրանտների փոխադրման կազմակերպիչները Թուրքիայի երկու քաղաքացիներ են, ովքեր նավը վարձել էին տեղի ձկնորսներից: Նրանք արդեն ձերբակալված են և ցուցմունք են տալիս:
Փախստականները Իրաքի, Պաղեստինի և Սիրիայի քաղաքացիներ էին: