Ստամբուլում անցնող Շախմատային օլիմպիադայում վերջին տուրից առաջ 3 թիմեր են հավակնում չեմպիոնի կոչմանը՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք 17-ական միավոր են վաստակել:
Այսօր 10-րդ տուրում չինաստանցիները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին ԱՄՆ-ի հավաքականին, Ռուսաստանը նույն հաշվով հաղթեց Արգենտինային, իսկ Հայաստանը 3:1 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի նկատմամբ: Մեր թիմի կազմում առաջին տախտակին սևերով հանդես եկող Լևոն Արոնյանը առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ, իսկ երրորդ տախտակին Վլադիմիր Հակոբյանը նույնպես սևերով ուժեղ էր Իվան Սոկոլովից: Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաները սպիտակներով ոչ-ոքի ավարտեցին: Այս պահին լրացուցիչ ցուցանիշով հայաստանցիները զիջում են Չինաստանին և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:
Այժմ ամեն ինչ կորոշվի վերջին տուրում, որը կկայանա սեպտեմբերի 9-ին: Չինաստանը կմրցի Ուկրաինայի հետ, Հայաստանը՝ Հունգարիայի, իսկ Ռուսաստանը՝ Գերմանիայի:
Հայաստանի կանանց հավաքականը 0,5:3,5 հաշվով պարտվեց Ռուսաստանին և զրկվեց մեդալների համար պայքարելու հնարավորությունից: Հայաստանցիներից միակ ոչ-ոքին խաղաց Լիլիթ Գալոյանը, իսկ ահա Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան պարտություններ կրեցին: