Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հերթական մեկնարկն է վերցնում Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Բրազիլիա-2014-ի ուղեգրի համար պայքարը Հայաստանի ընտրանին սկսում է խմբում ընդգրկված օբյեկտիվորեն երկու ամենաթույլ թիմերի դեմ խաղերով, թեև այդ հանդիպումներն անցկացնելու է մրցակցի հարկի տակ:
Ավանդաբար, հայաստանցիներն ավելի հաճախ են ընտրական փուլերը սկսել սեփական հարկի տակ խաղերով՝ հատկապես վերջին տարիներին: Եվրո-2008 և Եվրո-2012 ընտրական փուլերում հայաստանցիները Երևանում պարտվել են
համապատասխանաբար Բելգիային և Իռլանդիային՝ 0:1 հաշվով, իսկ 2010 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլի մեկնարկային խաղում տանուլ են տվել Թուրքիային՝ 0:2: Ինչ վերաբերում է մրցակցի հարկի տակ անցկացրած մեկնարկային հանդիպումներին, ապա տվյալ դեպքերում մեր թիմին ընդամենը մեկ անգամ է հաջողությունն ուղեկցել՝ 3 փորձից: 2002 թվականի Աշխարհի գավաթի առաջին խաղում Հայաստանի ընտրանին 0:0 հաշվով իր խաղն ավարտեց նորվեգացիների դեմ Օսլոյում: Մյուս երկու դեպքերում Հայաստանը պարտվել է Բելգիային՝ 0:2, և Մակեդոնիային՝ 0:3:
Այսօր հայաստանցիները լավ հնարավորություն են ստացել շտկել իրավիճակը: Մալթայի ընտրանին, որը թեև երբեմն խնդիրներ է ստեղծում եվրոպական կարգով ավելի ուժեղ թիմերի համար, ակնհայտորեն թույլ է իր այսօրվա մրցակցից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն ամրագրել է թիմի նպատակը՝ միայն հաղթանակ:
Ակնհայտ է, որ եթե հայաստանցիները 3 միավոր չեն վերցնում մեկնարկային խաղում, ապա հետագա հույսերի մասին կարելի է շատ արագ մոռանալ: Եթե իրավիճակը գնահատել երկու խաղի կտրվածքով, ապա անգամ 4 միավորը Մալթայի և Բուլղարիայի հետ խաղերում ոչ շատ լավ արդյունք կարելի համարել. այժմ Հայաստանից ակնկալում են 2 մեկնարկային հաղթանակ: Բնական է, որ դեռևս 2 տարի առաջ մասնագետներն ու երկրպագուները միանշանակ հաղթանակ պահանջել Հայաստանից Բուլղարիայի կարգի թիմի դեմ արտագնա խաղում չէին կարող: Սակայն հռետորաբանությունն այս պահին օբյեկտովորեն փոխվել է, և դա կապված է թե Հայաստանի հավաքականի վերջին ելույթների, թե հայաստանցի ֆուտբոլիստների իրենց ակումբներում ցուցադրած խաղի հետ: Չնայած օգոստոսյան ընկերական խաղը Բելառուսի հետ ևս մեկ անգամ բացահայտեց մեր թիմի պաշտպանության թույլ կողմերը, բայցևայնպես, հենց Մալթայի և Բուլղարիայի դեմ հարձակումը կարող է և անգամ պարտավոր է ավելի վճռորոշ դեր խաղալ:
Բուլղարիայի հավաքականը դեռևս կառուցման փուլում է: Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Լյուբոսլավ Պենևի թիմում չկան եվրոպական մեծության աստղեր: Ստիլյան Պետրովը ծանր հիվանդության պատճառով դադարեցրել է ելույթները, Դիմիտար Բերբատովը հրաժարվել է հավաքականում հանդես գալ, իսկ առաջատար հարձակվող Վալերի Բոժինովին Պենևը չի հրավիրել առանց կոնկրետ պատճառները նշելու:
Այսօրվա Բուլղարիայում եվրոպացի երկրպագուների լայն շրջանակին ծանոթ դեմքեր գրեթե չկան, գուցե միայն Հոլանդիայի «Տվենտե» ակումբի դարպասապահ Նիկոլայ Միխայլովը, ով Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովի որդին է, որը 90-ականներին նույնպես պաշտպանել է երկրի ընտրանու դարպասը:
Նոր կառուցվող Բուլղարիան իր առաջին խաղն է այսօր անցկացնելու Իտալիայի դեմ Սոֆիայում: Կարելի է ենթադրել, որ բուլղարացիները այս պահին Հայաստանի ընտրանու մասին չեն մտածում և իրենց ուժերի և էմոցիաների հիմնական մասը թողնելու են դաշտում իտալացիների հետ հանդիպման ժամանակ: Մեր թիմն այդ առումով առավելություն ունի. այսօրվա մրցակիցը՝ Մալթան, կարող է հնարավորություն տալ ուժերի որոշ պաշար խնայել և բարելավել խաղային օղակների համագործակցությունը: Նշենք, որ հայաստանցիները պատմության ընթացքում 3 ամգամ են հանդիպել Մալթայի ընտրանու հետ ընկերական խաղերում և երեք դեպքում էլ մրցակցին պարտության մատնել միևնույն 1:0 հաշվով, այն է՝ մալթացիներից ոչ մի գնդակ բաց չեն թողել: Հայաստանի հավաքականն իր պատմության առաջին գնդակը խփել է հենց մալթացիներին Երևանում 1993 թվականին: Մյուս երկու հանդիպումները կայացել են 2007-ին և 2008-ին Մալթայում: Ի դեպ, 5 տարի առաջ Մալթայում խաղը կայացել է սեպտեմբերի 12-ին: Դրա նախորդ օրը Լոնդոնում մահացել էր Հայաստանի հավաքականի մարզիչը՝ Իան Պորտերֆիլդը:
Եվ այսպես, Հայաստանի առջև դրված խնդիրը հստակ է՝ 6 միավոր երկու խաղում: Այլ պարագայում խմբում հաջող հանդես գալու հնարավորությունները կտրուկ նվազում են, քանի դեռ առջևում Իտալիայի, Դանիայի և Չեխիայի ընտրանիններն են, որոնք շատ ավելի լուրջ մրցակիցներ են: