ԲՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, որով նա այսօր խիստ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը, Ուրիխանյանի անձնական դիրքորոշման արտահայտումն է, այլ ոչ թե ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նա ընդգծել է, որ եթե ԲՀԿ-ն նման վատ տեսակետ ունենար ՀՀԿ անդամ կառավարության ղեկավարի մասին, ապա այդ կարծիքը կհայտներ ինքը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով, ըստ Սահակյանի, արդեն բավական կայուն քաղաքական գործիչ է:
«Այսինքն՝ չեմ կարծում, որ նման քննադատությունը կարող է ընկալվել որպես ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև նոր հակասությունների հետևանք: Մենք և ԲՀԿ-ն քաղաքական տարբեր ճանապարհներ ենք բռնել, սակայն մենք հարգում ենք միմյանց: Իսկ Տիգրան Ուրիխանյանը նոր է ընտրվել պատգամավոր, գուցե նաև փորձի պակաս ունի: Նա, իհարկե, ունի կարծիք հայտնելու իրավունք, սակայն պետք է կոռեկտ արտահայտվել»,- ասել է Գալուստ Սահակյանը:
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով հնչած քննադատությանը, Epress.am-ին ասել է, որ այն միանգամայն արդարացի է, քանի որ վարչապետի կառավարությունը միայն օլիգարխների շահերը պաշտպանելուն է ուղղված, ավելին՝ վարչապետն ինքն է ստեղծել ֆինանսատնտեսական օլիգարխիկ համակարգ և միայն իր գիտությամբ է այդ ոլորտում կատարվում գործունեությունը:
Վահագն Խաչատրյանը հիշեցրել է, որ առաջին անգամը չէ, երբ ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը, այն նաև դեմ է եղել կառավարության ծրագրին, այդ մասին բազմիցս հայտարարել է ԱԺ-ում:
«Մոտենում է բյուջեի քննարկումն ԱԺ-ում, հավանաբար ԲՀԿ-ն ուզում է ավելի կոնկրետ թվերով, դեպքերով խոսել և ցույց տալ կառավարության անարդյունավետությունը», – ասել է Վահագն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակը հայտարարել էր, որ վարչապետի հետ միասին Գագիկ Ծառուկյանին մշտապես ցանկանում է վարկաբեկել նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Այս մեղադրանքին ի պատասխան՝ հայտարարություն է տարածել «Ֆլեշ» ընկերությունը, որում, մասնավորապես, ասվում է.
«Նախ, լինելով ԲՀԿ մամուլի խոսնակ, պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել:
Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում նրան քննադատելու, դա այլ խնդիր է: Ինչ վերաբերում է երկրում վարկանիշ ունենալուն և բարեգործական գործունեությանը, Բարսեղ Բեգլարյանը երբևէ չի գովազդել իր արածը` չունենալով քաղաքական առաջընթացի նպատակներ, ինչպես ունեն շատերը, ինչի համար էլ ծախսում են գրոշներ և ի լուր աշխարհի կոկորդ պատռում: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուրը համարձակություն պիտի ունենա խոստովանելու երկրի տնտեսական ծանր վիճակի համար մեղքի իր բաժինը և հետո միայն քննադատի կեցվածք ընդունի»: