Ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ տուժողի իրավահաջորդի՝ Հայկի հոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը անկողնային հիվանդ է:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հայկի հայրը՝ Մովսես Խաչատրյանը:
Թեև դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունն ընդունվել է, սակայն Խաչատրյանը դատարանում այս անգամ էլ հնչեցրել է իր դժգոհությունն առ այն, որ ամբաստանյալների դեմ կիրառվում է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:
Տուժողի իրավահաջորդները դժգոհ են նաև մեղադրանքի հոդվածից և պահանջում են այս գործը կարճել և նորը հարուցել՝ քրեական օրենսգրքի 376-ի երկրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով) և 130-ի երկրորդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Հիշեցնենք, որ կողմը նաև նախորդ նիստի ժամանակ ինքնաբացարկ է հայտնել դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին՝ պատճառաբանելով, որ նա գործը վարում է ՀՀ քրեական դատավարության օրենքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմերի խախտումներով և փորձում է բժիշկներին հնարավորինս մեղմ պատիժ տալ:
Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 20-ին: Դատարանը պետք է դիրքորոշում հայտնի դատախազի ինքնաբացարկի միջնորդության մասին: