Այսօր մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է, նա կդառնար 90 տարեկան: Մաեստրոյի հիշատակը հարգելու համար Կոմիտասի անվան Պանթեոն էին այցելել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մաեստրոյի հարազատները, ընկերները և իր արվեստի երկրպագուները:
Դիրիժոր Լորիս Ճգնավորյանը Պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Օհան Դուրյանը մեծ երևույթ էր հայ երաժշտության պատմության մեջ: Ճգնավորյանի խոսքով՝ նրա մեջ կյանք կար, և իր այդ կյանքը նա փոխանցում էր նվագախմբին, նվագախումբն էլ փոխանցում էր ժողովրդին:
«Ես երբ նրան բնութագրում եմ, կատակով միշտ ասում եմ` մեծ տաղանդ էր, խենթ էր, բայց շատ համով: Մտերիմ եմ եղել նրա հետ, չնայած, ըստ հայկական սովորությունների, միշտ փորձել են խառնել երկու ընկրներին, բայց ուրախ եմ, որ երբևիցե դա տեղի չունեցավ, և մենք միշտ ընկերներ մնացինք», – ասել է Լորիս Ճգնավորյանը:
Դիրիժոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի գեղարվետսական ղեկավար Տիգրան Հեքեքյանը նշել է, որ «մենք չէ, որ պետք է գովաբանենք, մեծարենք մեծ երաժշտին»:
«Աստծուց ստանալով տաղանդ և այդ տաղանդը իրագործելու մեծ կարողություն` երաժիշտը ամեն օր, ամեն ժամ, ամեն համերգին, յուրաքանչյուր փորձին իր ամեն գործով ապացուցում էր իր հանճարեղ լինելը: Ես երջանկություն եմ ունեցել, սկզբից հեռվից լսել իր արվեստը, իսկ հետո մտերմանալ այնքան, որ համարել եմ ինձ Նարեկից հետո նաև իր զավակը, և իրեն համարել հոգևոր հայր», – ասել է Տիգրան Հեքեքյանը:
Մաեստրոյի շիրիմի մոտ խոսել է նաև Օհան Դուրյանի մտերիմ ընկերը, ՀԱԿ անդամ Վահան Վարդապետյանը:
«Մաեստրոյի դիրիժորական արվեստի, բացառիկության, նրա տաղանդի անսահամանության մասին, մեծարանքի ակնածանքի հիացմունքի ու անգամ պաշտամունքի գնահաատկաններ են շարունակում հնչել: Լիարժեք երաժիշտ, դիրիժոր ձևավորելու համար իր վարպետության դասերը բացառիկ են, բայց այսօր այստեղ հավաքվածներն առավել կարևորում են Օհան Դուրյանի այն դասերը, որոնք քաղաքացի ու մտավորական ձևավորելու և դաստիարակելու չտեսնված արժեքներ են», – ասել է Վարդապետյանը:
Այնուհետև նա ընթերցել է Օհան Դուրյանի վերջին հարցազրույցներից մի քանի հատված:
«2010 թվական, սեպտեմբերի 8: Մտավորականն իրավունք չունի ասել` ես մտավորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում: Դա թուլություն է, հանցագործություն, Հայաստանը կործանվում է, և մենք իրավուքն չունենք լռել: Ո՞ր մի իշխանությանը չեմ քննադատել: Քննադատել եմ միշտ և բոլորին, եթե մի բան սխալ եմ համարել: Այս իշխանությանը ամենից շատ քննադատել եմ իմ ժողովրդին վախեցնելու համար: Հայ մարդը ազատ չէ: Ես ժամանակին քննադատել եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, շատ եմ քննադատել, բայց ինքը երբեք թշնաբար չի ընդունել:
Այսօրվա իշխանությանը երբ քննադատում ես` թշնամանում են, լարվում փոքրոգի ու դաժան են վարվում: Ինչ խելացի միտք արտահայտեց Լևոնը, շատ հավանեցի. «Ես գալու եմ, որ դուք չվախենաք և կարողանաք ինձ քննադատել», – ընթերցել է Վահան Վարդապետյանը:
Նշենք նաև, որ ելույթներից հետո մաեստրոյի շիրիմի մոտ երգել են Տիգրան Հեքեքյանի սաները: