Թիվ 1 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո նույն ընտրատարածքում կրկին ընտրություններ են հայտարարվելու: Այստեղ պատրաստվում է առաջադրվել «Ժառանգության» նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը:
«Բոլոր պարագաներում մայիսի 6-ի ընտրություններն ապացուցել են, որ ես ունեմ հաղթելու չափազանց մեծ հավանականություն` հաշվի առնելով, թե ինչ բարդ ընտրատարածքում էի առաջադրվել, ու ով էր իմ մրցակիցը, բացի այն, որ թաղային հեղինակություն էր և պետական կառույցների աջակցությունն էր վայելում: Եվ բացի այդ, ցավոք սրտի, ընդդիմությունն էր թեկնածու առաջադրել ինքնառաջադրման եղանակով: Անգամ այդ պայմաններում իմ ստացած քվեները վկայում էին հաղթանակի մասին, և այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթելու շանսերը չափազանց բարձր են»,- «Հրապարակին» թերթին ասել է Սաֆարյանը:
Այս ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա երկար ժամանակ չէր կողմնորոշվում` առաջադրվել Գյումրիո՞ւմ’ քաղաքապետի թեկնածու Բալասանյանի ընտրատարածքո՞ւմ, թե՞ Ավանում: Երեկ «Հրապարակի» հետ զրույցում նա ասել է, որ կողմնորոշվել է` թիվ 1 ընտրատարածքում է առաջադրվելու:
Հովհաննիսյանը, ով ԱԺ ընտրություններին ընդգրկված էր ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, այժմ ներկայանալու է որպես անկախ թեկնածու: «Իմ հույսը կապում եմ ժողովրդի հետ»,- ասել է նա:
«Հրապարակը» հիշեցնում է, որ առաջադրվելու մտադրություն ունի նաև լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ապրում է Ավանում: