Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 7-ին հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Աշխարհի գավաթի ընտրական փուլում: Մալթայում մեր թիմը 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնեց կղզիաբնակներին: Հարկ է նշել, որ Մալթայի հետ մինչ այդ կայացած 3 հանդիպումներն ավարտվել էին միևնույն 1:0 հաշվով` օգուտ Հայաստանի: Ավանդույթը չխախտվեց այս անգամ ևս, թեպետ մեր թիմից սպասելիքներն ավելի մեծ էին:
Դեռևս առաջին խաղակեսում երևաց, որ Վարդան Մինասյանի սաները կարող են խնդիրներ ունենալ: Իհարկե, հայաստանցիներն առավելություն ունեին, սակայն թիմի գործողություններում առկա էր ավելորդ լարվածություն, և սխալների քանակը սպասվածից ավելին էր:
Ամեն ինչ կարող էր փոխվել, եթե հյուրերը գնդակ խփեին, ինչին ամենամոտը Մարկոսն էր: Սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, հետո դարպասապահին, ապա ընթացավ դեպի դատարկ դարպասը, որտեղից էլ պաշտպանը դուրս բերեց այն: Թվաց՝ գնդակը հատել է գիծը, բայց մրցավարն իր վրա գոլ գրանցելու պատասխանատվությունը չվերցրեց:
Երկրորդ խաղակեսում ամեն ինչ էլ ավելի բարդացավ: Մեր ֆուտբոլիստները շարունակ նյարդայնանում էին, խոտանի տոկոսն աճում էր, իսկ առջևում գրեթե ոչինչ չէր ստացվում: 50-ից 65-րդ րոպեներն ընդհանրապես կարելի կորսված համարել մեր թիմի համար. Հայաստանի հավաքականն իր իսկ ստվերն էր հիշեցնում:
Սակայն Վարդան Մինասյանի կատարած փոփոխությունն արդյունավետ եղավ: Արթուր Սարկիսովը խաղադաշտ դուրս եկավ ու խաղաց այնպիսի ցանկությամբ, որ հաջողության չհասնել չէր կարող: 70-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոն, իսկ Սարկիսովը պաշտպանի հետ պայքարում կենտրոնական հարձակվողի դիրքից գնդակը փոխադրեց դարպասը:
Հայաստանցիները ևս մի քանի պահ ստեղծեցին, սակայն ամեն դրվագում գերազանց էր խաղում դարպասապահ Էնդրյու Հոգը:
Վերջնամասում էլ իրեն վստահ դրսևորեց մեր թիմի առաջին համարը՝ Գևորգ Կասպարովը, և Հայաստանը կարողացավ 3 միավոր վաստակել:
Նման դեպքերում հաղթած թիմի երկրապագուները, որոնք նաև գեղեցիկ խաղ էին ակնկալում, բայց չստացան այն, կարող են միայն ասել. «Կարևորը 3 միավորն էր»:
Հաջորդ խաղում սեպտեմբերի 11-ին Հայաստանի ընտրանին Սոֆիայում մրցելու է Բուլղարիայի հետ, որն այսօր սեփական հարկի տակ ինչ-որ տեղ անսպասելիորեն ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Եվրոպայի փոխչեմպիոն իտալացիների հետ:
Լուսանկարում՝ Արթուր Սարկիսով, Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա խաղից