«Ժառանգություն» կուսակցությունն այն քաղաքական կշիռը չունի Հայաստանի քաղաքական դաշտում, որպեսզի նրա ղեկավարի պատգամավորական մանդատից հրաժարվելը մեծ ցնցումներ առաջացնի: Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելը մեկնաբանելով՝ այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը:
«Ցանկացած պատգամավոր ունի իրավունք մանդատը վայր դնելու, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում դա չի կարող դառնալ համար մեկ քննարկման թեմա: Դա այն թեման չի, որ ես վերլուծեմ: Ինքը գուցե կանի ասուլիս ու կասի՝ դա PR քա՞յլ էր` «Ժառանգության» վրա ուշադրության հրավիրման, թե՞ կապված էր նախագահական ընտրությունների հետ: Ինչևէ, դա մեծ ցնցումներ չի բերի», – ասել է քաղաքագետը:
Բադալյանը նաև նշել է, որ այն նախորդ գումարման ԱԺ-ում «Ժառանգությունը» բավական լավ խմբակցություն ուներ, սակայն այն չկայացավ որպես կուսակցություն, այլ միացավ մեկ այլ չկայացած կուսակցության՝ «Ազատ դեմոկրատներին»:
«Կուսակցությանը ոչ միայն լավ անդամներ են պետք, այլև լավ լիդեր: Այդ հարցում «Ժառանգության» բախտը չի բերել», – եզրափակել է Բադալյանը: