Գերմանիայում սկանդալային Pussy Riot փանկ խմբի գործին նվիրված ներկայացում են բեմադրել: Թատերական ներկայացումը անվանվել է «Pussy Right», հաղորդում է «Радио Свобода»-ն:
Ինչպես ռադիոկայանին պատմել են գաղափարի հեղինակները՝ քաղաքական լրագրող Սերգեյ Լագոդինսկին և ներկայացման պրոդյուսեր Դավիդ Մասը, ներկայացման տեքստը իրենից ներկայացնում է դատական նիստերի արձանագրությունների և հին հույն թատերագիր Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգությունից վերցված հատվածների կոլաժային համադրում:
Pussy Right ներկայացման մեջ խաղացել են Բեռլինի Մաքսիմ Գորկու պետական թատրոնի անվանի դերասանները: Պրեմիերան կայացել է սեպտեմբերի 9-ին:
Ներկայացման կենտրոնական խնդիրը բախումն է ընդհանուր չգրված օրենքների և պետական օրենքների միջև:
Լագոդինսկու խոսքով ՝ Գերմանիայում հանրային քննարկումներ են տեղի ունենում Pussy Riot-ի գործի շուրջ:
«Այստեղ շատ կենդանի քննարկումներ են տեղի ունենում: Սակայն գերմանացիների մեծ մասը զարմանքով և կասեի անգամ հեգնանքով են նայում նրան, ինչպես անցավ Pussy Riot-ի գործով դատավարությունը»,- նշել է Լագոդինսկին:
Նրա խոսքով՝ Գերմանիայում շատերը Pussy Riot-ի ակցիան դիտարկում են որպես քաղաքական ակցիա: «Ես այնքան էլ համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Ես կցանկանայի, որ մեր ներկայացմանն էլ նայեն որպես իրադարձությունների պատմական վերաիմաստավորման փորձ, այլ ոչ թե պուտինյան ռեժիմ կոչվող պրոցեսի էժանագին քննադատություն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին քշիր» փանկ-աղոթքի համար: