Երեկ Գյումրիում կայացած քաղաքապետի և ավագանու ընտրություններին ցածր մասնակցություն է գրանցվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցած 125658 ըտրողներից քվերակել են 46 093-ը, այսինքն՝ մոտ 38 %:
Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ մասնակցությունը կազմել է 42,89%:
ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ Գյումրի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ում սատարում էր ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Բալասանյանը հավաքել է 27500 ձայն: ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը ստացել է 10281 ձայն, անկուսակցական Անդրանիկ Ավետիսյանը՝ 2 458, Սպարտակ Պետրոսյանը՝ 2130:
«Այսպիսի ցածր մասնակցությունը պայմանավորված է քաղաքապետի թեկնածուների միջև ոչ սուր մրցակցությամբ», – Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ավագանու թեկնածուներից մեկը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ Բարսեղյանը «Քաղաքը մերն է» նախաձեռնության 7 թեկանծուներից մեկն է. թեկնածուներից և ոչ մեկ չի ընտրվել ավագանու կազմում:
Բանախոսը համեմատության համար նշել է, որ Վանաձորում, որտեղ մոտ 20.000-ով ընտրողների թիվը պակաս է, քան Գյումրիում, գրեթե նույն թվով մարդիկ են մասնակցել ընտրություններին, քանի որ մրցակցություն կար: Նույնը, ըստ Բարսեղյանի, կլիներ նաև Գյումրիում, եթե նախկին քաղաքապետը ևս մասնակցեր ընտրություններին:
Լևոն Բարսեղյանն ասել է, որ ընտրություններն անցել են ավանդական դարձած ընտրախախտոմներով: Անձնագրերում դրվող կնիքները, ինչպես ԱԺ ընտրություններում, այս անգամ ևս ցնդել են: Սակայն, ըստ Բարսեղյանի, Գյումրիի ընտրությունների ամենամեծ ողբերգությունը եղել է համատարած բաժանված 1000-1500 դրամ ընտրակաշառքը և ընտրությունների օրը բաժանված նոր մորթված անասունների միսը: Այս ընտրություններին ևս մարդկանց ավտոբուսներով, խմբերով բերել են ընտրատեղամասեր:
Բարսեղյանը նշել է, որ գրանցվել են նաև ճնշումներ «Քաղաքը մերն է» նախաձեռնության վստահված անձանց նկատմամբ: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ գյումրեցիներն իրենց ապագան թաղեցին առնվազն ևս 4 տարով: