Մամուլի ոլորտում գործող 6 հայաստանյան ՀԿ-ներ սեպտեմբերի 8-ին տարածած հայտարարությամբ քննադատել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գործունեությունը՝ կապված այն փաստի հետ, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ երկրի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները տեղական ԶԼՄ-ների լրագրողներին հնարավորություն չէին տվել մասնակցել Գյումրու Մոր և մանկան հիվանդանոցի շենքում կազմակերպված ճեպազրույցին։
«Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պարզաբանումները համոզիչ չեն։ Դրանից կարելի է եզրակացնել, որ վարչությունն առանձնացնում է լրատվամիջոցների մի դաս, որի եթերում կամ էջերում ՀՀ նախագահի գործունեության լուսաբանումն ավելի ցանկալի է, քան մյուսների։ Այդ մոտեցումն առավել ցայտուն դրսևորվեց հենց Գյումրիում, որտեղ գործում են բավական մեծ լսարան ունեցող տեղական ԶԼՄ-ներ։ Եվ դա այն դեպքում, որ Գյումրի այցելելիս նախագահը պետք է որ շահագրգռված լիներ հատկապես գյումրեցիների հետ հաղորդակցվելու։
Առհասարակ, նկատելի է, որ իշխանական վերնախավում չգրված մի կարգ է գործում, ըստ որի` տեղեկատվության միջոցների հետ հարաբերվելիս նախապատվություն է տրվում արտասահմանյան ԶԼՄ-ներին, հետո` երեւանյան եւ համերկրային սփռում ունեցող մի քանի «ընտրյալ» հեռուստաընկերություններին, վերջում միայն՝ մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Սա չափազանց արատավոր երևույթ է, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկությունները կամ ասելիքն ուղղված պետք է լինեն հենց «ընտրյալների» շրջանակից դուրս մնացած լրատվամիջոցների լսարաններին։ Պետական մարմինների այդ գործելակերպը ստեղծում է անարդար մրցակցային պայմաններ, խոչընդոտում է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի ապահովմանը, ուստի կոչ ենք անում վերանայել այն», – նշում են հայտարարության հեղինակները։
Գյումրու միջադեպի առնչությամբ նրանք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ակնկալում են ներողության հայցում այն բոլոր հավատարմագրված լրագրողներից, ովքեր հնարավորություն չստացան կատարելու մասնագիտական պարտքն իրենց համաքաղաքացիների նկատմամբ։
Հայտարարության տակ ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հկ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, «Լրագրողներ հանուն ապագայի» հկ: