ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է երեկ Ստամբուլում ավարտված Շախմատային Օլիմպիադայում չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականին:
Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնական ընդունելության ժամանակ, ընթերցվել է Սերժ Սարգսյանի հրամանագիրը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգևներ շնորհելու մասին:
Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային գրոսմայստեր Լևոն Գրիգորի Արոնյանը պարգևատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պատվո շքանշանով են պարգևատրվել Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը:
Նախագահի այլ հրամանագրերով, 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու համար Արմեն Աղուզումցյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ընդունելության վերջում Սերժ Սարգսյանը բոլոր աջակիցներին, երկրպագուներին շնորհակալություն հայտնած Լևոն Արոնյանին ասել է, որ լավագույն շնորհակալությունը կլինի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը նվաճելը: