Երեկ Սյունիքի մարզի խոշոր կենտրոններում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան հիմնականում առանց պայքարի:
Մարզկենտրոն Կապանում և արդյունաբերական կենտրոններում՝ Քաջարանում և Ագարակում ընդհանրապես մեկական թեկնածու էր առաջադրված:
Կապանում քաղաքապետի միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, 10261 ձայն հավաքեց: Նրան սատարում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել նաև գործող քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը, սակայն նա ընտրություններից առաջ հանեց իր թեկնածությունը՝ հայտարարության մեջ նշելով, որ Կապանում վախի մթնոլորտ է և իր վրա ճնշումներ են գործադրվել մարզի իշխանությունների կողմից: ՀՀԿ-ի Սյունիքի կառույցի ներկայացուցիչներն իրենց հերթին նշում էին, որ Աթայանը պարզապես հաշվարկել է, որ չի կարող հաղթել և նման քայլի է դիմել:
Քաջարան քաղաքում նույնպես քաղաքապետի մեկ թեկնածու է եղել՝ ՀՀԿ-ական Վարդան Գևորգյանը, ով 3246 ձայն է հավաքել:
Ագարակ քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը:
Մեկ թեկնածու է եղել նաև Քաջարան գյուղում՝ գործող գյուղապետ Խաչիկ Աթայանը, ով հանրությանը հայտնի է նրանով, որ բնապահպանական կազմակերպությունների հետ միասին պայքարում էր, որպեսզի գյուղին կից հողերը չօտարվեն հօգուտ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Աթայանը փոքրիկ գյուղում ստացել է 125 ձայն, 41 մարդ չի քվեարկել, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Սիսիանում հաղթել է գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը՝ 3 536 քվե: Նրա հիմնական մրցակից ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանը 2744 ձայն է հավաքել: Հակոբջանյանը մինչ ընտրություններն էլ համարվում էր հաղթանակի հիմնական հավակնորդը:
Իսկ ահա Մեղրի քաղաքում լուրջ պայքար եղել է, և ՀՀԿ-ական թեկնածուներ գործող քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանն ու նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը պարտվել են անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանին, ով 1107 ձայն է հավաքել: Սերգեյ Հայրապետյանը ստացել է 994 քվե, Միշա Հովհաննիսյանը՝ 456: