Երեկ Վանաձորում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, հաղթանակ է տարել գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, ով հավաքել է 17125 ձայն: ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը ստացել է 10899 քվե, անկուսակցական Կարեն Թումանյանը՝ 3503, նույնպես անկուսակցականներ Տարոն Ապրեսյանը և Տիգրան Գրիգորյանը՝ 2056 և 1062 ձայն համապատասխանաբար:
Երեկ Վանաձորի ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես եկած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մի շարք խախտումներ է արձանագրել:
Արդեն առավոտյան մի շարք ընտրատեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ, ինչպես և մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին, ընտրողների անձնագրերից մեկ ժամ անց ցնդել են կնիքները, ինչը, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, վտանգել է ընտրությունների թափանցիկությունը և կրկնակի ընտրության հնարավորություն ստեղծել:
Օրվա ընթացքում դիտորդները նշել են, որ մի քանի ընտրատեղամասերում հաճախակի նկատվում է քաղաքացիների տեղափոխում՝ միկրոավտոբուսներով, տաքսիներով և մասնավոր մեքենաներով: Միկրոավտոբուսների զգալի մասը Վանաձորի 2-րդ և 5-րդ երթուղու միկրոավտոբուսներ են եղել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներին հաջողվել է լուսանկարել քաղաքացիներին տեղափոխող գրեթե բոլոր մեքենաները, և փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով և տարածքային ընտրական հանձնաժողով:
Թիվ 30/46, 30/53, 30/54 տեղամասերում դիտորդները նկատել են, որ դրսում կայանված մեքենաներից անընդհատ հետևում են ընտրողների հոսքին, իսկ թիվ 30/46 տեղամասի մոտակայքում կայանված մեքենայից նաև անընդհատ ընտրողներին հորդորել են քվեարկել Սամվել Դարբինյանի օգտին: Թիվ 30/31 տեղամասում արձանագրվել են բաց քվեարկության մի շարք դեպքեր: Նույն տեղամասում դիտորդն ականատես է եղել, որ անձնագրերը կնիքելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը վերցրել է ընտրողներից մեկի անձնագիրը մինչև քաղաքացին քվեարկել է, ապա կնիքել և վերադարձրել է քվեարկելուց հետո:
«Թիվ 30/45, 30/11, 30/13 տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ քվեասենյակի պատին փակցված է Սերժ Սարգսյանի նկարը: Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հրապարակային աջակցությունը քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանին` կարծում ենք, որ այս նկարը կարող է ուղղորդող նշանակություն ունենալ», – ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը մի շարք տեղամասերում նաև կուտակումներ է արձանագրել:
Լուսանկարը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքի