Ազգագրագետ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրանուշ Խառատյանին վախեցրել ու բավական շատ իմաստներով հետաքրքրել է պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականին տված բացառիկ հարցազրույցը: Այս մասին այսօր նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Խառատյանի խոսքով՝ նրան վախեցնում են Հայրապետյանի հնչեցրած սպառնալիքները: Նա նաև հերքել է Հայրապետյանի այն խոսքերը, թե ինքը ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է ակցիաների կազմակերպման հարցում (Հայրապետյանը նշում է, որ Խառատյանը Ռոբերտ Քոչարյանի մարդն է – խմբ.): Ազգագրագետը նշել է, որ ինքը չի համագործակցել որևէ մեկի հետ և առավել ևս գումար չի վերցրել:
Խառատյանը զարմացած է, որ Հայրապետյանը չի հասկանում, թե ի՞նչ է օլիգարխը ու ինչո՞ւ են իրեն տալիս այդ հարցը: Բացի դա, նա նշել է, որ Հայրապետյանը նաև ստախոս է:
«Այս հարցազրույցով ակնհայտ է դառնում «Հայաստանյան քաղաքական գործիչների պերճանքն ու թշվառությունը: Տվյալ պարագայում պերճանքը Ռուբեն Հայրապետյանի՝ նրա մինչև հիմա ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, մեծահարուստ լինելն է և այն արտոնությունները, որ նա վայելում է, իսկ թշվառությունը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, օրինակ՝ նրա բացահայտ ստախոս լինելն է», – նշել է Խառատյանը:
Նա նաև անդրադարձել է Հայրապետյանի հարցազրույցի այն հատվածին, որում ՀՀԿ-ականը մեղադրում է բողոքի ակցիայի մասնակիցներին իր տուն գնալու ու ընտանիքի անդամներին ահաբեկելու մեջ:
«Հայրապետյանն ասում է, որ ահաբեկել են իր ընտանիքի անդամներին, բայց հետո, նույն հարցազրույցում պարզվում է, որ իր ընտանիքը այդ ժամանակ ապրել է «Ֆուտբոլի ակադեմիայի» շենքում և ընտանիքի անդամները չեն ահաբեկվել: Նա սուտ է ասում ու ի սկզբանե կարող էր հարցը այլ կերպ դնել՝ ասենք. «Բա որ իմ ընտանիքի անդամները տանը լինեին ու ահաբեկվեի՞ն»: Ընտանիքի խնդիրը լուրջ է, բայց ընտանիքի չահբեկվելու համար Հայրապետյանը ինքը պետք է որոշ չափվ վերահսկի իր վարքը, որովհետև հասարակությունը չի կարող չդժգոհել թե նրա, թե նրան ուղեկցողների պահվածքից», – ասել է Խառատյանը:
Ազգագրագետը խորհուրդ է տվել իրավապահներին լրջորեն զբաղվել նրանով, որ Հայրապետյանն հարցազրույցում պատմել է, թե վկա է եղել Պողոս Պողոսյանի սպանությանը:
«Այսինքն ինքը 1-2 սեղան այն կողմ նստած է եղել ու աչքով տեսել է սպանությունը և հետո ի՞նչ է արել: Ինձ շատ հետաքրքիր է՝ ինքը ուրիշների նման ծլկել ու թաքնվե՞լ է, որ իրեն որպես վկա չկանչեի՞ն, թե ուզեցել է որպես վկա գնալ, սակայն իրավապահները այդպես էլ չեն կանչել, թե ինքն ուզում էր այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մարդը դառնա՞լ: Ամբողջ հարցազրույցում սրա կամ նրա մարդը լինելը Հայրապետյանի համար գլխավոր, առանցքային խնդիր է», – ընդգծել է Խառատյանը՝ հավելելով, որ Հայրապետյանը ասել է, թե սկզբում եղել է Վազգեն Մանուկյանի «մարդը», հետո ինքը չեղավ Լևոն Տեր- Պետրոսյանի «մարդը», հետո ինքը չեղավ Ռոբերտ Քոչարյանի մարդը, բայց հետո դարձավ Սերժ Սարգսյանի «մարդը»:
«Հայրապետյանն անընդհատ հիշեցնում է, որ ինքը միակն է, ով չի դավաճանել Սերժ Սարգսյանին: Այս մարդու ուղեղում քաղաքական գործունեության, կողմնորոշումների ու ծրագրերի տեսակը մեկն է՝ դու այսինչի «մարդն ես»: Դու չգիտես՝ քաղաքական ծրագիրը ինչն է, դու չգիտես քաղաքական առճակատումն ինչ է, չգիտես տարբերությունները, այսինքն այն, ինչ մեր երկրի իրական իրավիճակն է: Այսինքն սրանով պարզ է դառնում, որ Հայաստանի քաղաքական գործիչ չինելը չի նշանակում Հայաստանի հասարակության խնդիր, չի նշանակում հանրային պրոբլեմ, այլ նշանակում է՝ ում «մարդը» լինել ու այս տրամաբանությունը ինքը տարածում է ուրիշների վրա», – ասել է Խառատյանը: