2008 փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծումը և մարտիմեկյան սպանդը Հայաստանում ստեղծել են խորը քաղաքական ճգնաժամ, որի հետևանքները մինչև այսօր հաղթահարված չեն: Այս ասին այսօր ՀՀ ԱԺ-ում արված իր հայտարարության մեջ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Իշխանության ոչ-լեգիտիմության ճգնաժամը, մարտի 1-ի սպանությունների պարտակումը և ժողովրդավարական ազատությունների այլ սահմանափակումները միայն խորացնում են իշխանության օտարումը ժողովրդից, նպաստում հուսալքությանն ու արտագաղթին: Սակայն կա մի հարց, որը շատ է լարում իրավիճակը և թունավորում ներքաղաքական մթնոլորտը:
Դա քաղբանտարկյալների առկայության հարցն է: 2008 թվականի տխրառչակ իրադարձություններից հետո ունեցանք ավելի քան 150 քաղբանտարկյալ: Նրանք վերջնականապես ազատվեցին 2011 թվականի մայիս-հունիսին, ինչ հնարավոր դարձրեց իշխանությունների եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջև երկխոսության ծավալումը: Երկկխոսությունը ընդհատվեց օգոստոսի 9-ի ոստիկանության սադրանքից հետո, երբ նորից Հայաստանում հայտնվեցին քաղբանտարկյալներ՝ ի դեմս Կոմգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: Դատավարությունը ծաղր էր արդարադատության նկատմամբ, քանի որ բացի ոստիկանության աշխատակիցների հակասական ցուցմունքների, մեղադրանքի որեւէ ապացույց այդպես էլ չներկայացվեց: Ավելին, Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամջյանին առաջին ատյանի դատարանը նշանակեց համապատասխանաբար՝ 6, 3, 2 և 2 տարի ազատազրկում: Վերաքննիչ դատարանի ակնկալվող ապօրինի որոշումից հետո մենք Հայաստանում կունենանք արդեն 4 քաղբանտարկյալ: Մեր դիվանագիտական շփումներից ելնելով, կարող եմ փաստել, որ միջազգային հանրությունը նման դրակոնյան դատավճիռների կայացումը միանշանակ ընկալում է որպես քաղաքական հետապնդում», – ասել է Զուրաբյանը:
Նա նշել է,որ Հայաստանը կանգնած է ծանր արտաքին մարտահրավերների առջև, և պետականորեն մտածող ցանկացած ուժ նման իրավիճակներում իրենից կախված ամեն ինչ անում է ներքին քաղաքական լարվածությունները թուլացնելու նպատակով:
«Կասկած չունենաք, որ քաղբանտարկյալների առկայությունը երկրում սրելու է ներքին քաղաքական լարվածությունները, վնասելու է Հայաստանի միջազգային վարկին և դառնալու է ավելորդ ճնշումների առիթ:
Ցուցադրեք, որ ընդունակ եք պետական մտածողության, մի վերածվեք ժողովրդավարական ազատությունների համար պայքարող երիտասարդների դահիճների: Եվ մեզ հեքիաթներ մի պատմեք դատական իշխանության անկախության մասին, ազատ արձակեք նրանց ուղիղ այնպես, ինչպես որոշել եք նրանց կալանավորել:
Մեր երիտասարդների ճակատագրով մտահոգ բոլոր պատգամավորներին հրավիրում եմ որբաթ օրը ժամը 14.00-ն դատախազության դեմ անցկացվող բողոքի ակցիային», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: