Դալմայի այգիների հողերի սեփականատերերին անցած ուրբաթ օրը հերթական բողոքի ակցիայի ժամանակ նախագահի նստավայրի աշխատակիցները խոստացել էին հանդիպում կազմակերպել և քննարկել իրենց խնդրի լուծման ելքերը: Հանդիպումը պետք է տեղի ունենար այսօր, սակայն առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի դիմացին մայթին հավաքված մարդկանց նախագահականում հայտնել են, որ վերահսկողության ծառայության պետի տեղակալներից մեկը՝ Գոռ Դարբինյանը, հիվանդանոցում է և չի կարող ընդունել իրենց:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց հողերը խլել են և համարժեք փոխհատուցում չեն տվել:
Նախագահականից արվածպատճառաբանությունը չի գոհացրել սեփականատերերին: Epress.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ դա իրենց «ցրելու փորձ է», քանի որ ցանկության դեպքում կարող էր իրենց ընդունել ինքը՝ այդ գերատեսչության պետը, կամ տեղակալներից ուրիշ մեկը, կամ վերջապես՝ քաղաքապետը, քանի որ հենց քաղաքապետարանն է (Երվանդ Զախարյանի օրոք) վաճառել հողերը՝ առանց նույնիսկ տեղյակ պահելու բնակիչներին:
«Մեր հողերը բաժանեցին, իրար վրա ծախեցին, նոր օլիգարխ տերերը հրաժարվում են մեզ մեր հասանելիքը տալ, 10 տարի է դա ենք պահանջում: Երկու տղաս ծառայում են բանակում, մեկին էլ եկող տարի պետք է տանեն, չեմ տալու, ես անտուն եմ մնացել ու ընկել տոկոսների տակ: Մեզնից շատերը Արցախյան պատերազմին կռված մարդիկ են, հիմա անտուն են մնացել»,- ասել է Դալմայի այգիներում տարածք վարձակալած մարդկանցից մեկը՝ Զոյա Գաբրիելյանը:
Նշենք, որ Դալմայի այգիների հողերի օտարման մասին որոշումը կայացվել է 9 տարի առաջ: Մարդկանցից շատերը չիմանալով, որ իրենց հողերը գնված են, շարունակել են հողի, ջրի հարկեր վճարել, մշակել տարածքները: Հետո էլ դուրս են հանվել այգուց:
Բողոքողները նշել են, որ նոր սեփականատերերը, որոնց թվում մի քանի ընկերություններ, այդ թվում՝ «Հայռուսգազարդը», ինչպես նաև անհատներ, տարածքը գնել են գույք պարտքի դիմաց ծրագրով, և հրաժարվում են գոնե վճարել նախկին մշակողներին: