Ուկրաինայում մեծ աղմուկ է բարձրացել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ միևնույն խցում պատիժ կրած Յուլիա Աբապլովայի հետ հարցազրույցի պատճառով, որում կինն ասել է, թե քաղաքական գործիչը ընդամենը ձևացնում է, իբր հիվանդ է, իրականում հարմարավետ խցում սնվում է համադամ ուտելիքներով, որոնց մասին շատ ուկրաինացիներ միայն երազում են: Տիմոշենկոյի պաշտպանները արդեն հայտարարել են, որ Աբապլովայի հարցազրույցը կեղծ է և ճնշման ներքո է անցկացվել: Բանտային համակարգի աշխատակիցները պնդում են, որ հարցազրույցը կամավոր է եղել:
УНН գործակալության հետ զրույցում Յուլիա Աբապլովան նկարագրել է «հարմարավետ» խուցը, որում ապրել է նախկին վարչապետի հետ. կալանավորները խոհանոց և լոգարան են ունեցել: Իսկ սննդից բողոքելը մեղք է, նշել է Տիմոշենկոյի խցակիցը:
Աբապլովայի խոսքով՝ խուցը կարգի բերելու պատասխանատվությունն իր վրա էր. «Այն ողջ ընթացքում, որ ես նրա հետ էի, սպասուհու կարգավիճակում էի: Այսինքն մաքրում էի տարածքը, ուտելիք պատրաստում, մաքրում լոգարանը»:
Հետևելով Տիմոշենկոյին՝ Աբապլովան եզրակացրել է, որ առողջության մասին նրա բողոքները կեղծ են, քանի որ նախկին վարչապետը ֆիզկուլտուրայով է զբաղվում, իսկ գաղութի աշխատակիցներին ասում էր, թե չի կարողանում նստել:
«Շաբաթական 3-4 անգամ տարբեր պատվիրակություններ էին ժամանում, պաշտպաններ: Հասկանալի է, որ նրանց այցից առաջ, ինչպես ցանկացած կին, նա զարդարվում էր, կրունկներ հագնում: Թեև բժիշկների մոտ բողոքում էր մեջքի ցավերից, ասում էր, թե չի կարողանում քայլել»,- պատմել է Տիմոշենկոյի խցակիցը:
Յուլիա Տիմոշենկոյի՝ խցից տեղափոխվելու փաստը Աբապլովան ուրախությամբ է ընդունել. «Ուզում եմ հանգիստ իմ ժամկետը կրեմ ու դուրս գամ»,- պարզաբանել է Աբապլովան: