ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին:
«Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությունների` մարդասպան Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման ուղղությամբ քայլերը միանշանակ և խստորեն դատապարտող հայտարարությունների համար: Նախագահը, միաժամանակ, անընդունելի և անհասկանալի է համարել որոշ իբր «հավասարակշիռ», իսկ էության մեջ՝ զարհուրելի այդ արարքին բոլորովին անհամարժեք արձագանքները: Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումը, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի է անվերապահ դատապարտման հատկապես ԵՄ մեր գործընկերների կողմից», – ավածէ պաշտոնական հաղորդագրության մեջ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո մեկնելու է Բաքու և ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քայլի կապակցությամբ ակնկալում է պարզաբանումներ ստանալ նրանցից:
Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ն դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջև փոխվստահությունը վնասող նման քայլը և հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: