Եթե Թուրքիան ռիսկի դիմի և ներխուժի Սիրիա, ապա բոլոր քրդական շրջանները «ռազմադաշտի» կվերածվեն: Նման նախազգուշացումով է հանդես եկել Քրդստանի համայնքների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Մուրատ Քարայըլանը:
«Այսօր Թուրքիան և արևմտյան երկրները, մասնավորապես, ԱՄՆ-ն, պատրաստվում են Սիրիայում արտակարգ ռազմական ներխուժման: Թուրքիան նույնպես պատրաստվում է Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել: Նրանք իրենց շահերն են հետապնդում: Թուրքիայի ուշադրության կենտրոնում է գտնվում Սիրիայում ապրող մեր ժողովուրդը: Ես հայտարարում եմ, որ եթե թուրքական բանակը հարձակվի Արևմտյան Քրդստանի վրա, ողջ Քրդստանը մարտի դաշտի կվերածվի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բազմիցս Դամասկոսից պահանջել է դադարեցնել ապստամբությունները ճնշելու ուժային մեթոդները, օրերս նախազգուշացրել է Բաշար Ասադին, որ «իրեն դժվար կլինի խուսափել արյունահեղության պատասխանատվությունից»: Միաժամանկ, ինչպես նշում է Kurdishcenter.ru-ն, հենց Թուրքիայում շարունակվում են կառավարական բռնաճնշումները քուրդ ժողովրդի հանդեպ: