Home / Հայաստան / Կառավարությունում «խփած պլատան» մեկ ամիս կփոխեն

Կառավարությունում «խփած պլատան» մեկ ամիս կփոխեն

ՀՀ կառավարության քաղաքային հեռախոսահամարները չեն աշխատում արդեն օրեր շարունակ ու դեռ մեկ ամիս էլ չեն գործի, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի խոսքերին:

Խոսելով ներքին հեռախոսացանցի հետ կապված խնդիրների մասին՝ Բերբերյանն ընդգծել է, որ կառավարության ավտոմատ հեռախոսակայանը շատ հին էր, որը տեղադրվել ու գործում էր դեռևս 1990-ական թվականներից: «Ամորտիզացիոն մաշվածության պատճառով մայր պլատան մի քանի անգամ շարքից դուրս է եկել: Վերջին անգամ մասնագետները պարզել են, որ այլևս վերանորոգման ենթակա չէ, և հիմա փոխարինման աշխատանքներ են ընթանում: Ավտոմատ հեռախոսակայանը  կփոխվի: Նորը գնելու պայմանագիրն արդեն կա: Մոտ մեկ ամիս հետո հեռախոսահամարները կաշխատեն»,-ասել է վարչապետի մամուլի խոսնակը:

«Ուշագրավ է, որ «հայ-թեք»-ից, նանո տեխնոլոգիաներից, «4G»-ից անընդհատ խոսող կառավարության հեռախոսային «խփած պլատան» փոխելու համար ավելի քան մեկ ամիս է անհրաժեշտ», – եզրափակում է «Հայկական ժամանակը»: