Ազգային ժողովին ներկայացվող Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվությունները օգուտ չեն տալիս կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ՎՊ-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ: Նշենք, որ այն երեկ ներկայացրել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Ջհանգիրյանը նշել է, որ առնվազն վերջին հինգ տարիներին առկա է մի երևույթ, երբ մի կողմից ՎՊ-ն իր ուսումնասիրությունների արդյունքներով պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում հայտնաբերում ու ԱԺ-ի և հասարակության դատին է ներկայացնում առանձնապես խոշոր չափերի՝ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, պետական միջոցների հափշտակությունների հարյուրավոր փաստեր, մյուս կողմից՝ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մասին այս հաղորդումներին դատախազությունը ու մյուս իրավապահ մարմինները վերաբերվում են անհասկանալիորեն անտարբեր:
«Ինչի արդյունքում կամ արձանագրված փաստերը քրեաիրավական շարունակություն չեն ստանում, կամ էլ կառավարման ապարատի ստորին օղակներից մեկ-երկու պաշտոնյա են մեղադրվում ու դատապարտվում ընդամենը: Մինչդեռ կույրի համար էլ պարզ է, որ այդ օղակների պաշտոնյաները չէին կարող տնօրինել ու տիրապետել միլիարդավոր դրամների հասնող ֆինանսական միջոցների: Բնական է, որ պետական կառավարման համակարգում արմատավորված կոռուպցիայի համատարած սարդոստայնը նման կիսատ-պռատ, ես կասեի՝ բացարձակ անհամարժեք միջոցներով արմատախիլ անել, կամ թեկուզ ինչ-որ չափով կրճատել, հնարավոր չէ: Ասվածի լավագույն ապացույցը 2011 թվականի ՎՊ-ի մեր քննարկմանը ներկայացված զեկույցն է: Միլիոնավոր դրամների չարաշահումների փաստերը բազմաթիվ են, իսկ բարձրաստիճան մեղավորներ այդպես էլ չկան», – ասել է Ջհանգիրյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ, խոսելով ՎՊ-ի հաշվետվության մասին, բոլորին շնորհավորել է այս տարեկան հաշվետվության, ինչպես նաև 2008 թվականից մինչ այսօր ներկայացրած բազմաթիվ հաշվետվությունների կապակցությամբ:
«Եվ իսկապես, պարզվում է, որ կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում դեռ գործում է մի օղակ, մի պետական մարմին, որը քրտնաջան կերպով արդեն չորս տարի է՝ բացահայտում է Հայաստանում պետական միջոցների լայնածավալ և համատարած չարաշահումների, յուրացումների խայտառակ պատկերը: Ավելին ասեմ՝ ոչ ոք դեռ այսպես մանրակրկիտ և հիմնավորված չի ապացուցել ընդդիմության պնդումներն առ այն, որ Հայաստանում տիրում է կատարյալ ավազակապետություն, որքան հետևում է ՎՊ-ի ներկայացրած հաշվետվություններից», – ասել է Լևոն Զուրաբյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ իր հնչեցրած գնահատականները չեն վերաբերում Իշխան Զաքարյանի անձին:
«Ես իրեն դրական հատկանիշներով պիտի գնահատեմ, բայց այն փաստաթուղթը, որը ներկայացվել է, ցավոք, որևէ աղերս չունի ՎՊ-ի մասին օրենքի հետ: Մենք դատական մարմին չենք, որ սրան կամ նրան մեղադրանք ներկայացնենք և պատիժ կիրառենք, բայց սա կարևոր է օրենսդիր մարմնի համար, որպեսզի կարողանա իր հետագա աշխատանքները կազմակերպված ձևով տանել: Նույնիսկ այս թերի հաշվետվության եզրափակիչ մասում առաջարկներ կան: Կարծում եմ՝ առաջարկները անդեմ են, որովհետևեթե դիմում ենք ԱԺ-ին, ապա ԱԺ-ն պետք է նաև համապատասխան ընթացակարգ ունենա արձագանքելու սրան, մինչդեռ նույն օրենքով այս հաշվետվությունը լսվում է այստեղ և նույնսիկ չի էլ հաստատվում կամ քվեարկվում: Հետևանքը լինում այն, որ այս հաշվետվությունը այդպես էլ մնում է հաշվետվություն, և այստեղ հիմնարար փոփոխության անհրաժեշտություն կա», – ասել է Արծվիկ Մինասյանը: