ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռևս չի պատրաստվում հերքել այն, որ «Նուվել դ՛Արմենի» պարբերականին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ և նրան «Դոդի Գագո» է անվանել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Հայրապետյանը լռություն է պահպանում, քանի որ նրան բացատրել են, որ հակառակ դեպքում պարբերականն իրավունք կստանա հրապարակել նաև ձայնագրությունը: Եվ, ինչպես նշում է թերթը, այդ զարգացումից խուսափում է ոչ միայն նա, այլև իշխանական բուրգի շատ ներկայացուցիչներ: «Ժողովուրդ»-ի աղբյուրի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խնդրել է պարբերականի ղեկավարությանը՝ ոչ մի գնով չհրապարակել ձայնագրությունը, այլապես հետևանքները կարող են արյունալի լինել:
Հիշեցնենք, որ «Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը այս տարվա օգոստոսի 11-ին հանդիպել էր Ռուբեն Հայրապետյանի հետ և զրուցել նրա հետ վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների՝ այդ թվում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում թիկնապահների ծեծի հետևանքով սպանված սպա Վահե Ավետյանի և նրա մահվանը հաջորդած բողոքի ակցիաների մասին: Այս կապակցությամբ՝ Հայրապետյանը, մասնավորապես, ասել էր «Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է : Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար… Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ, այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է…»:
Ավելի ուշ, Գագիկ Ծառուկյանի մամուլի ծառայությունը նշել էր, որ Գագիկ Ծառուկայնը զանգահարաել էր Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս հերքել էր, թե նման արտահայտություն է արել՝ նշելով, որ այդ հատվածը չի համապատասխանում իրականությանը: