ՀՀ կառավարությունն այս տարի բոլոր առաջին դասարանցիներին չի տրամադրել անվճար համակարգիչներ, քանի որ այդ դրույթը նշված է ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ինչու կառավարությունը չի կատարել անվճար համակարգիչներով ապահովելու իր խոստումը: Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է, որ նման դրույթ է եղել այս տարվա հունիսին ներկայացված ՀՀ կառավարության ծրագրում, իսկ ներկայիս գործադիրը կարող է այդ խոստումը կատարել մինչև փետրվար, քանի որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ՀՀ կառավարությունը հրաժարական է տալու նախագահական ընտրություններից հետո:
«Երբ ՀՀ կառավարությունը Ազգային Ժողովի դատին ներկայացրեց իր ծրագրիրը, հիշում եք, այն նախատեսված էր 5 տարվա համար՝ 2012-2017թթ, և այս դահլիճում եղան թեզեր, որ կառավարությունը պետք է ներկայացնի այնպիսի ծրագիրը, որը պետք է ավարտվի ՀՀ նախագահի ընտրություններով, որից հետո էլ կառավարությունը պետք է հրաժարական տա: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության ծրագիրը պետք է լինի կարճաժամկետ: Մենք այդ տեսակետը չենք կիսում, և գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը պետք է 5 տարվա ծրագիր ներկայացնի, քանի որ քաղաքական ուժը (ՀՀԿ-ն-խմբ.), որը ձևավորվել է պառլամենտում, գործելու է 5 տարի, և հենց այդ քաղաքական ուժի ծրագիրն է, որը կառավարությունը ներկայացնում է Ազգայն Ժողովի հաստատմանը», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Փաշինյանն առաջարկել է չծանրաբեռնել երեխաներին և պարզապես ասել, թե երբ են նրանք խոստացված համակարգիչները ստանալու, իսկ վարչապետը կրկնել է, որ դա տեղի կունենա 5-ամյա ժամկետում: