ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը: Քննարկմանը ներկա է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անդամները քննարկել են նաև 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի և հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցեր:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 9-ին հանրապետությունում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արդյունքները:
«Ինը համայնքներում եղել են վերահաշվարկման պահանջով բողոքարկումներ՝ հինգը կապված են եղել համայնքի ղեկավարների ընտրության հետ, չորսը՝ ավագանիների ընտրության: Շահագրգիռ կողմերի ներկայությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ տեղի է ունեցել վերահաշվարկ, և որևէ շեղում չի հայտնաբերվել: Ընդ որում, ստուգվել են նաև ներկայացված այն մարդկանց ցուցակները, ովքեր Հայաստանի Հանրապետությունից բացակայում են, բայց, չգիտես ինչու, իբր մասնակցել են քվեարկությանը: Այդպիսի գեթ մեկ դեպք չի հայտնաբերվել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ընտրությունների օրն աղմկահարույց միջադեպ է գրանցվել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Ծեծի են ենթարկվել Արամ Մելիքյանը և Արման Սարգսյանը: Epress.am-ի հետ զրույցում Մելիքյանի հորեղբայրը՝ Դավիթը պատմել է, որ ծեծի ենթարկողը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան պետրոսյանի որդին՝ Մակարը: