«Ժառանգությունը» դեռ չի քննարկել՝ ով է է Ազգային Ժողովում զբաղեցնելու մանդատը վայր դրած Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ բացառելով, որ դա կարող է լինել ինքը:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Սաֆարյանն ասել է, որ ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների միջև «միջնորդավորված պատերազմ» է ընթանում, ինչի մասին է վկայում ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի՝ վերջերս տված հարցազրույցը և դրան հաջորդած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի քննադատողական արձագանքը:
Խոսելով գալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր միասնական թեկնածուով գնալու մասին՝ Սաֆարյանն ասել է, որ թեկնածուի շուրջ բանակցությունները պետք է սկսեն կուսակցությունները, որոնք չպետք է գերագնահատեն իրենց հնարավորությունները միայնակ մասնակցելու դեպքում:
«Կարծես, ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևի վերաբերյալ: Բայց ԲՀԿ-ն ուզում է կառավարությունը փոխել, այսինքն՝ վարչապետին, ուստի պետք է սեփական թեկնածու ունենա: ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուն՝ Վարդան Օսկանյանը, գտնվում է իշխանություններից կախյալ վիճակում, քանի որ «Սիվիլիթասի» գործը կախված է ՀՀ արդարադատությունից»,- ասել է Սաֆարյանը:
«Ժառանգության» նեկայացուցիչը կարծիք է հայտնել, որ գրեթե բացառվում է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն միասնական թեկնածու ունենան նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ, Սաֆարյանը նկատել է, որ ոչ ՀԱԿ-ը, ոչ ԲՀԿ-ն չեն հայտարարել «իրենց հարաբերությունների դադարեցման մասին»: