Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է ստացել ԱՄՆ-ի դեմ բողոքի ակցիաների անցկացման հավանականության մասին: Նմանատիպ զգուշացումներ ստացել են նաև Բուրունդիում, Քուվեյթում, Սուդանում, Թունիսում, Զամբիայում և Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատները, հայտնում է Associated Press-ը:
Նշված երկրներում ԱՄՆ դեսպանատները իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել զգույշ լինել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել է դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ:
Բենղազիում ամերիկյան հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել իսլամիստների ամբոխի կողմից: Նրանց վրդովվեցրել էր համացանցում տարածված «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում սիրողական մակարդակի կինոմատոգրաֆիստների կողմից: Ֆիլմի հեղինակները մահմեդականներին և նրանց կրոնը ներկայացնում են ծայրահեղ բացասական լույսի ներքո, ինչը իսլամական աշխարհում դժգոհության հսկայական ալիք է բարձրացրել:
Զայրացած մահմեդականները հարձակվել են ոչ միայն Բենղազիում գտնվող ամերիկյան հյուպատոսարանի, այլ նաև Եգիպտոսի ԱՄՆ դեսպանատան վրա:
Կահիրեում ցուցարարները պոկել են ԱՄՆ դրոշը և փոխարինել են այն սովորաբար «Ալ Ղաիդայի» կողմից օգտագործվող դրոշով:
Ֆիլմի հեղինակ Սեմ Բեյսիլը հայտարարել է, որ ցավում է դեսպանի մահվան համար, սակայն մեղավոր է ճանաչում ոչ թե իրեն, այլ հյուպատոսարանի թույլ պահակախմբին: